14/06/2023 15:07
Հայաստանը միշտ հայտնվում է Ռուսաստանից արտագաղթողների առաջին եռյակում. պետք է ուղղակի հարցնել` ինչո՞ւ Ադրբեջանը չկա այդ ցանկում. Նախարար
Ազգային ժողովում մեկնարկեց 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետավության քննարկումը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, թե Հայաստանը հիանալի վայր է ապրելու համար:
«Կառավարությունը ռազմավարական նշանակության տարբեր ոլորտներում իրականացնում է բարեփոխումներ ու հանրությանը մատուցում է բազմապիսի ծառայություններ, այդ թվում` անվտանգային: Չնայած անվտանգային ու լոգիստիկ խնդիրներին` Հայաստանը հրաշալի վայր է ապրելու, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար: Կոռուպցիայի ցածր մակարդակը, պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանը, հարկային բարենպաստ միջավայրը, ֆինանսական կայուն համակարգը ու բազմաթիվ այլ գործոններ գրավիչ են դարձրել մեր երկիրը հազարավոր զբոսաշրջիկների, օտարերկրացիների, այդ թվում՝ ռուս ռելոկանտների համար», - նշեց նա:
Նախարարի խոսքով` այս ամենում հսկայական դեր ունի կառավարության ամենօրյա քրտնաջան աշխատանքը, որը փորձում է Հայաստանը աշխարհի քարտեզի վրա դարձնել էական երկիր:
Հովհաննիսյանն ասաց, թե Հայաստանը միշտ հայտնվում է Ռուսաստանից արտագաղթողների առաջին եռյակում:
«Ու պետք է ուղղակի հարցնել, թե ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը չկա այդ ցանկում. մենք մրցում ենք մեզանից զարգացման ավելի բարձր մակարդակ ունեցող այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, այլ կերպ ասած` կառավարության հիմնական դերն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կուզեն ապրել, աշխատել ու ներդրումներ կատարել», - ընդգծեց Ֆինանսների նախարարը: