14/06/2023 15:29
Հայաստանի «Ջինի գործակից»-ը 0,27 է. Ֆինանսների նախարարը վստահ է՝ կարձանագրենք աղքատության ցուցանիշների նվազում
Հայաստանի Ջինի գործակիցը կազմել է 0,27, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Կարևոր ցուցանիշ է Ջինի գործակիցը, որի մասին, թեև քիչ ենք խոսում, սակայն այն բնութագրում է երկրում ստեղծված արժեքի բաշխման համաչափությունը՝ հասարակության տարբեր խմբերի միջև։ Եթե ցուցանիշը մոտ է զրոյին, ապա հարստությունը բաշխվում է համաչափ, եթե ցուցանիշը մոտ է մեկին, ապա ծայրահեղ անհամաչափ։ Հայաստանն այս ցուցանիշով ամենացածր երկրների շարքում է։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 0,27։ Համեմատության համար նշեմ, որ Վրաստանի ցուցանիշը 0,34 է, Շվեդիայինը՝ 0,28, իսկ Ֆրանսիայինը՝ 0,30», - ասաց Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարը կարևոր ցուցանիշ է համարում նաև աղքատության էլաստիկության ինդեքսը, որը ցույց է տալիս, թե 1 տոկոսային կետով համախառն ներքին արդյունքի աճը որքան է ազդում աղքատության վրա։
«Վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկ տոկոսային կետով ՀՆԱ աճը հանգեցնում է մեկ տոկոսով աղքատության նվազմանը։ Վստահ եմ, որ 2022 թվականի աղքատության ցուցանիշի հրապարակումից հետո կարձանագրենք աղքատության ցուցանիշների նվազում», - նշեց Վահե Հովհաննիսյանը։