14/06/2023 12:59
Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններում Հայաստանը բարձրաձայնում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները կատարվեն. Սարգիս Խանդանյան
Հայաստանը Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններում բարձրաձայնում է, որ ՌԴ միջնորդությամբ ստորագրված հայտարարությունների, հատկապես, նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները կատարվեն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Լրագրողները հետաքրքվեցին` օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ են քննարկել, ի՞նչ կետեր է առաջարկում ՌԴ նախագահը՝ ՔՊ-ականա պատգամավորն արձագանքեց. «Ընդհանուր առմամբ, նույն թեմաներն են: Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններում կարևոր է այն, որ մենք բարձրաձայնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարությունների պահանջները, հատկապես, նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները կատարվեն: Այս հարցերն են, ըստ էության, եղել բովանդակությունը»:
Անդրադառնալով տարբեր հարթակներում տեղի ունեցող բանակցությունների վերաբերյալ հարցին՝ պատգամավորը վստահեցրեց, որ Հայաստանը բոլոր հարթակներում ունի նույն դիրքորոշումներն ու սկզբունքները:
«Այստեղ կարևոր է, որ հյուրընկալող, միջնորդ կողմը կարողանա ապահովել ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը», - նշեց նա: