14/06/2023 16:45
Երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը
Օգոստոսի 12-ին երկրորդ անգամ կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Այն տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում:
Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ:
Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին: Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`
- 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (1983-2005 թթ.)
- 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1982 թ. ծնված)
Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:
Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ,
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը) պետք է ներկայացնել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև 2023 թվականի օգոստոսի 6-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացի փողոց, 1/1 շենք, էլ. հասցե` [email protected])։
Հայտը ներկայացնող անձը ՀՀ լողի ֆեդերացիայի կողից ընտրված լողավազանում պետք է հանձնի նախնական ստուգարք՝ լողալու ունակության մակարդակը որոշելու համար: