14/06/2023 17:58
Ավելացված արժեքի հարկի հետվերադարձի գործընթացում լինում են խարդախություններ. դրա վերջը քրեակատարողական հիմնարկն է. Նիկոլ Փաշինյան
Ավելացված արժեքի հարկի հետվերադարձի գործընթացում տեղի են ունենում խարդախություններ, այս առիթով կան քրեական գործեր, նույնիսկ կալանավորված անձինք, մեծ չափերի գումար արդեն վերականգնվել է պետական բյուջե, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ունենք քրեական գործեր, ունենք նույնիսկ կալանավորված անձինք, ունենք նաև արդեն մեծ չափերի վերականգնում պետական բյուջե, ունենք նաև այդ շղթաների բացահայտում և դրանց աշխատանքի խափանում, նաև օրենսդրական որոշակի փոփոխություններ անելու նախաձեռնություն, որ այդ շղթաները չկարողանան օրինականության պատրանքի ներքո գործել», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ հաճախ կառավարության աջակցող ծրագրերից օգտվելու համար խարդախությունների են դիմում, կեղծ թղթեր են ձեռք բերում հետվճար ստանալու համար:
«Ստանալը ստանում են, բայց երկար չեն գնա դրանով, դրա վերջը քրեակատարողական հիմնարկն է», - նշեց նա:
Փաշինյանը նշեց, թե նկատում են նաև պետական մարմինների կողմից աշխատանքի թերացումներ՝ որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում՝ անփութությամբ, հետևությունները պետք է անպայման արվեն: