15/06/2023 20:13
Էլեկտրոնային դեղատոմսով հակաբիոտիկների նշանակման համակարգն արդեն գործում է. ԱՆ մամուլի քարտուղար
Ամիսներ առաջ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հայտնել էր, որ կսահմանվի որոշ դեղերի էլեկտրոնային տարբերակով դուրսգրման պարտադիր պահանջ: Ցուցակում առաջնահերթությունը տրվել էր հակաբիոտիկներին:
Նրա շեշտադրմամբ՝ հակաբիոտիկների բաց շրջանառությունը վնասում է քաղաքացիների առողջությանը, իսկ էլեկտրոնային տարբերակով շրջանառությունը վերահսկելը կլինի ավելի հեշտ, ու կբերի վերահսկողության մակարդակի բարձրացման:
Ներդրվող ծրագրի համաձայն՝ եթե էլեկտրոնային տարբերակով հակաբիոտիկի դեղատոմս չլինի, դեղատունն իրավունք չի ունենա վաճառել:
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ ծրագիրն արդեն իսկ մտել է կիրառության մեջ,և համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքներն իրականացվում են փուլային տարբերակով:
«Էլեկտրոնային համակարգն արդեն գործում է. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին կից գործող համանուն պոլիկլինիկան հակաբիոտիկներն արդեն իսկ բաց է թողնում էլեկտրոնային դեղատոմսերով», - ասաց Խաչատրյանը։
Այն հարցին, թե հաջորդիվ ո՞ր դեղամիջոցների դուրսգրումն են նախատեսում էլեկտրոնային տարբերակով, մամուլի քարտուղարը պատասխանեց.
«Առանձին բաժիններով չենք առանձնացրել դեղերը, դեռ առաջին փուլն է, պետք է ծրագիրը համընդհանուր դարձնենք, ապա նոր անցնենք երկրորդ փուլին։ Մեր գլխավոր նպատակն է այս պարագայում վերահսկել ինքնաբուժությամբ զբաղվողներին, որ մարդիկ հասկանան՝ առանց դեղատոմսի չի կարելի նման դեղեր գնել և օգտագործել։
Հիմա գործնական այս փուլում ենք, կհասկանանք՝ ինչպես է իրեն դրսևորում համակարգը, ընթացքում կարվեն շտկումներ, հետո ամբողջապես կանցնենք էլեկտրոնային դեղատոմսով հակաբիոտիկների բացթողմանը»։
Հռիփսիմե Խաչատրյանը, պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է իրականացնելու վերահսկողությունը ծրագրի իրականացման շրջանակներում, նշեց, որ ԱՆ-ը որևէ լծակ չունի տվյալ գործընթացը վերահսկելու համար։ Վերահսկողությունը, տվյալ պարագայում, ստանձնում է տեսչական մարմինը։
Մամուլի քարտուղարի խոսքով, ներդրվող ծրագրի մասին հանրության շրջանում իրազեկումն ապահովելու համար օգտագործվում են տարբեր ձևաչափեր՝ պաշտոնական հարթակներից՝ մինչև լրատվամիջոցների հետ աշխատանք և ակտիվություն սոցիալական ցանցերում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։