15/06/2023 14:52
Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան. Փաստաբան (Տեսանյութ)
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց հարցը քննելու համար. լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Որպես ձերբակալման հիմք է նշված, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները։ Նշված չէ, թե ինչով է խախտվել։ Քննիչին այդ հարցն ուղղեցի՝ պարզաբանում չստացա», - ասաց պաշտպանը։
Աթանեսյանն ասաց, որ լրացվել է նաև Աշոտյանին առաջադրված մեղադրանքը.
«Ոչ թե փաստական կազմը, այլ՝ որակումները։ Ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որի շուրջ մենք 8 ամիս չենք հարցաքննվել։ Մի հոդված են ավելացրել՝ վատնման կազմակերպում»։
Աշոտյանի փաստաբանն ասաց, որ մեղադրանքը պարզապես ծիծաղելի է։
«Բոլորս հասկանում ենք, որ վատնման և փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորչի։ Գումար չի կորչել, այդ գումարը դարձել է անշարժ գույք, որը հենց հիմա պատկանում բժշկական համալսարանին և հիմա արժի 2 անգամ թանկ, քան երբ ձեռք է բերվել», - ասաց Աթանեսյանը։