15/06/2023 11:14
Չեմ կարծում, որ Սերգեյ Ղազարյանը կամ ինչ-որ այլ պաշտոնյա կարող է Արցախում իրականացնել հակաարցախյան լոբբինգ. Դավիթ Բաբայան
ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, մերժման դեպքում սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը։ Աղբյուրը նաև նշում է, որ «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, ում շահերը լիովին համընկնում են Ադրբեջանի շահերի հետ։
Aysor.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը նշեց, որ այն կարծիքին չէ, որ Սերգեյ Ղազարյանը կամ ինչ-որ այլ պաշտոնյա կարող է Արցախում իրականացնել հակաարցախյան լոբբինգ. «Սա լուրջ մեղադրանք է և ես չեմ էլ ուզում մտածել, որ որևէ մեկը կարող է այդպիսի բան անել։ Մենք դեմ չէինք Ադրբեջանի հետ բանակցություններին, բայց մենք չենք ընդունում ներադրբեջանական երկխոսության ձևաչափը, որին ձգտում է Բաքուն՝ առանց որևէ մեր կարգավիճակի հստակեցումով, որպես հավասարը հավասարի հետ և այլն»։
«Այսինքն, նա մեզ դիտարկում է որպես հանցագործներ, որոնք հիմա փորձում են ներողություն խնդրել, պաղատել, աղաչել, որ իրենց գոնե ողջ թողնեն։ Եվ մենք տեսնում ենք, որ արևմտյան մի շարք ուժեր, այդ թվում նույն Պետդեպի հայտարարությունը, որը ողջունում է հնարավոր համաներումը ժողովրդավարության համար պայքարող մարդկանց տոտալիտար երկրի ղեկավարության կողմից», - ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ իրենք շատ լավ հասկանում են, որ այդ ամենը սխալ է և ոտնահարում է ժողովրդավարությունը. «Եթե մենք խոսում ենք ինչ-որ վերջնագրերի մասին, ապա վերջնագրով բանակցություններ չեն վարում։ Վերջնագիր պետք է ներկայացնեն Ադրբեջանին, որ ճանապարհը բացի, նամանավանդ որ կա, այսպես կոչված, միջազգային դատարանի որոշում։ Այդ դեպքում այդ միջազգային դատարանն ո՞ւմ է պետք, եթե նրա որոշումը չեն կատարում։ Հետևաբար մենք դեմ չենք բանակցություններին, բայց միջազգայնորեն ճանաչված ձևաչափով, փակ հանդիպումն ունի իր ռիսկերը, հատկապես երբ միայն Արցախն ու Ադրբեջանն են լինելու, քանի որ դա Բաքվի կողմից ներկայացվելու է որպես ներադրբեջանական երկխոսություն՝ իր բոլոր հետևանքներով։ Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն այստեղ չի փոխվել», - ասաց Դավիթ Բաբայանը։
Հարցին, թե այնուամենայնիվ նման մոտեցումներ նկատվո՞ւմ են Արցախում, Բաբայանը շեշտեց, որ պաշտոնապես նման արձանագրման մասին տեղյակ չէ. «Չի բացառվում, որ որոշ ուժեր, պրոադրբեջանական, պրոթուրքական լոբբիստներ փորձեն ինչ-որ նման սցենարներ մշակեն։ Բայց էլի կրկնում եմ՝ անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե պետական մակարդակով նման առաջարկ լինի, մենք պետք է հասկանանք թե որն է մեր դիրքորոշումը և ինչ պետք է անենք։ Իսկ այդ դիրքորոշումը չի փոխվել»։
Նշենք, որ Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը Aysor.am-ի հեռախոսազանգերին չպատասխանեց։