15/06/2023 09:52
«Փաստ». Սամվել Բաբայանն այլևս պատրաստ չէ ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը մոտ կես ժամանոց տեսակապով ծավալուն հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող զարգացումներին, երկրի ներսում տիրող իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի հետ տարվող բանակցային գործընթացին։ Իր խոսքում Բաբայանը ներկայացրել էր ընդհանուր իրավիճակի վերաբերյալ սեփական մոտեցումները, քննադատական խոսք հնչեցրել Արցախի իշխանությունների հասցեին, ընդգծել, որ «իշխանությունների մոտ պատասխանատվության պակաս կա, ծրագիր չունեն»։
Հարցազրույցի հիմնական մեսիջը, սակայն, այն էր, որ Բաբայանը հայտարարեց՝ այլևս որևէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ընդունի: «Ես այլևս պատրաստ չեմ որևէ քննարկման, պատրաստ չեմ ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնում այս կամ այն պարտականությունները, որոնց մասին նախկինում խոսել եմ, նույնիսկ եթե ինձ խնդրեն», - ասել էր նա։ Այստեղ «բանալի բառը» այլևս-ն է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում իշխանության հասնելու լուրջ մտադրություններ ունեցող, բայց իր պլաններում հաջողության չհասած Բաբայանը, հասկանալով, որ չունի հանրային աջակցություն, դադարեցրել է իր քաղաքական ակտիվությունը և իր թիմակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել, թե «պաուզա» է վերցնում, որպեսզի հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում։
Արցախյան մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ հանրային նման մինիմալ աջակցության պայմաններում Բաբայանը քաջ գիտակցում է, որ որևէ բան պարտադրելու լծակ ու հնարավորություն ուղղակի չունի։ Դրանից էլ բխում է նրա վերոնշյալ հայտարարությունը, որը հիշեցնում է հայտնի առակից բխող ժողովրդական դարձած արտահայտությունը «խակ խաղողի» մասին»։