15/06/2023 22:16
Մեր հասարակությունը պատրաստ է պայքարելու, զենքերը չի հանձնել, ձեռքերը վեր չի բարձրացրել․ Տիգրան Աբրահամյան
Ընդդիմախոսների նկատմամբ իշխանության ոչ իրավաչափ այս գործողությունները հաստատում են այն, որ այս իշխանությունը չունի այլ ճանապարհ, քան բռնապետությանը հատուկ միջոցների գործադրմանը դիմելը, անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալման փաստին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս իշխանության կրեդոն անբարոյականությունն է, նրա բոլոր գործադրած միջոցները տեղավորվում են այդ որակման ներքո»,- ընդգծեց նա։
Տիգրան Աբրահամյանը նշեց նաև՝ Արմեն Աշոտյանը պետականություն կրող գործիչ է․ ինչպես իշխանություն, այնպես էլ ընդդիմություն եղած ժամանակ միջազգային հարթակներում պատշաճ ներկայացրել է Հայաստանը, մինչև վերջ պաշտպանել է երկրի շահը։
«Մյուս կողմից՝ Արմեն Աշոտյան քաղաքական գործիչը մարտիկ է և կատաղի պայքար էր մղում այս իշխանության հաստատած կարգերի, այս իշխանության վարած քաղաքականության դեմ՝ այս իշխանության գործած դավաճանությունը վեր հանելու և սրանց հեռացնելու ճանապարհով»,- ասաց նա։
Հարցին՝ իշխանությունների վարած քաղաքականության դեմ եղած մտահոգությունները կդառնա՞ն հանրային գործընթացներ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը պատասխանեց․
«Բոլորիս մտադրությունը դա է։ Այն պատկերը, որը կա նաև հիմա՝ դատարանի առջև, ցույց է տալիս, որ մեր հասարակությունը, անկախ նրանից՝ ով ինչ կարգավիճակ ունի, պատրաստ է պայքարելու, իր զենքերը չի հանձնել, ձեռքերը չի բարձրացրել։ Այսօր նաև այստեղ է արտահայտվել պայքարի կամքը»։
Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը։ Դատարանի բակում մեծ թվով հասարակական-քաղաքական, հանրային գործիչներ, քաղաքացիներ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու Արմեն Աշոտյանին։