15/06/2023 11:17
Գնաճի դեմ պայքարն ավարտված չէ. Մարտին Գալստյան
Կենտրոնական բանկը չի համարում, թե գնաճի դեմ պայքարն ավարտված է, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Անցյալ տարվա ընթացքում գնաճը պայմանավորված է եղել թե՛ առաջարկով, թե՛ պահանջարկով: Պահանջարկի հիմնական բաղադրիչը եղել է արտածին, այսինքն՝ մենք ունեցել ենք միջազգային այցելուների ներհոսք, որոնք պահանջարկ են ձևավորել Հայաստանի ապրանքների ու ծառայությունների նկատմամբ, որի արդյունքում մենք տեսնում ենք, որ նույնիսկ մինչև հիմա հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների գնաճը 8.7 տոկոս է: Ես փորձեցի տրամաբանորեն բացատրել, թե ինչո՞ւ է ԿԲ-ն ավելի զուսպ՝ տոկոսադրույքն իջեցնելու պարագայում, որովհետև մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է», - ասաց Գալստյանը:
Անդրադառնալով առաջարկի գործոններին՝ նա նշեց՝ անցյալ տարվա ընթացքում եղել է դրվագ, որ միջազգային ապրանքահումքային ապրանքներն ու բնամթերքը թանկացել են, որ դրանով է պայմանավորված եղել դրամավարկային քաղաքականության ուղղությունն ու ընթացքը:
Նա ասաց, թե ԿԲ վերջին կանխատեսումով՝ 2023-ի տնտեսական աճը 6.9 տոկոս է, սակայն, Մարտին Գալստյանի խոսքով, պետք է հասկանալ, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում տնտեսությունը չի կարող հարատև աճել ավելի շատ, քան իր պոտենցիալն է: