15/06/2023 12:52
Երևանի պետական համալսարանի դասախոսները կամավորության սկզբունքով մեկնելու են Թուրքիա՝ վերապատրաստման. ի՞նչ ծրագիր է և ո՞վ է կազմակերպողը
Ֆեյբուքյան օգտատեր Հովհաննես Հարությունյանը գրառում էր կատարել և նշել, որ Երևանի պետական համալսարանի դասախոսները կամավորության սկզբունքով հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում մեկնելու են Թուրքիա՝ վերապատրաստման։
Aysor.am-ի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը նշեց, որ ծրագիրը գերմանական է, պարզապես այս տարի այն անցկացվելու է Ստամբուլում.«Դա գերմանական DAAD ծրագիրն է, հերթական վերապատրաստման դասընթացն է դասախոսների համար կազմակերպված, այս անգամ պարզապես այն տեղի է ունենալու Ստամբուլում։ Այսինքն՝ այն ոչ թե Թուրքիան է կազմակերպել, այլ Գերմանիան։
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) «ԵՄ-ն հանուն երկխոսության» (EU4Dialogue) ծրագրի շրջանակներում կազմակերպում է վերապատրաստման դասընթաց համալսարանների դասախոսների համար՝ «Դասավանդման ժամանակակից մեթոդները և մասնագիտական զարգացումը (ներառյալ հետազոտական հմտություններ)» թեմայով: Գիտեմ, որ մեզ մոտից դիմել են, սակայն այս պահին չեմ կարող ասել, թե քանի հոգի է գնալու»։
Նրա խոսքով՝ նախկինում էլ են հայ դասախոսները այդ ծրագրին մասնակցել․«Դրանք պարբերաբար կազմակերպվող դասընթացներ են»։