15/06/2023 14:12
Կապանում ՌԴ հյուպատոսարանին մեծ տարածք է հատկացվելու. տեղանքը դեռ ընտրված չէ, սակայն մինչ այդ՝ ՌԴ-ն ներկայացուցիչներ կունենա այնտեղ
Դեռ կոնկրետ, հստակ ժամկետներ չկան Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու մասով, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Արդեն իսկ այսօր որոշակի ուսումնասիրություններ են կատարվել ռուսական կողմից, տարածքներ են առաջարկվել։ Բայց մինչ հյուպատոսարանի բացումը՝ ռուսական կողմը, իմ տեղեկություններով, նախատեսում է արդեն ներկայացուցիչներ ունենալ Կապանում», - նշեց Փարսյանը։
Նա ավելացրեց, որ տեղանքը դեռ չի ընտրվել, դեռ ուսումնասիրում են։
Հարցին, թե մե՞ծ տարածք է հատկացվելու հյուպատոսարանին՝ պատասխանեց.«Համեմատաբար այո, մեծը հարաբերական է։ Կարծում եմ՝ այո»։
Քաղաքապետի խոսքով՝ իրենք ողջունում են ՌԴ ներկայացուցչությունը Կապանում.«Տարբեր առումներով մենք դրական ենք գնահատում այդ քայլը։ Հարաբերությունների զարգացման, համագործակցության, անվտանգության առումներով այն դրական է լինելու»։
Ի դեպ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը Sputnik Արմենիային ասել էր, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու վերաբերյալ ժամկետները դեռ հստակեցված չեն, բայց ռուսական կողմը փորձում է արագացնել գործընթացը։