15/06/2023 20:46
«Իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում․ Մենք պետք է հաղթահարենք նաև այս փուլը»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը։ Դատարանի բակում մեծ թվով հասարակական-քաղաքական, հանրային գործիչներ, քաղաքացիներ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու Արմեն Աշոտյանին։
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահի ձերբակալությունը գործող իշխանությունների վարած ծրագրի հստակ մաս համարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Իշխանությունները հետևողականորեն իրականացնում են այն ծրագիրը, որով եկել են իշխանության, այդ ծրագիրն իրականացնելը ենթադրում է առաջինը՝ զիջումներ թուրք-ադրբեջանական դաշինքին, երկրորդը՝ դիմադրության օջախների չեզոքացում Հայաստանի ներսում»,- ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով՝ Արմեն Աշոտյանն այն քաղաքական գործիչն է, ով միշտ բարձրաձայնել է Հայաստանի շահի մասին, իսկ դա չի բխում իշխանությունների շահից։
«Արմեն Աշոտյանը այն քաղաքական գործիչն է, ով միշտ լինելով առաջին մեկնաբանողներից, թե ինչ է տեղի ունենում արտաքին քաղաքականության մեջ, կարելի է ասել, որ նաև ուղղություն է տվել ընդդիմադիր դաշտին, նաև հայրենասեր հատվածին, թե ինչ թեզերով է պետք աշխատել, ինչպես է պետք պաշտպանել Հայաստանի շահը և որտեղից են բխում իրական սպառնալիքները։
Եվ ահա, նման մարդուն ազատազրկելով՝ ըստ էության, Փաշինյանը փորձում է դիմադրության օջախները զրկել հերթական ուղենիշներից, ուղղություն ցույց տվող գործիչներից։ Սա մտածված քաղաքականություն է, որը նրանք հստակ իրականացնում են»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետը նաև կարծիք հայտնեց՝ Հայաստանում այսպիսի ձերբակալությունները շարունակական են լինելու, քանի որ իշխանությունների այս քայլերը ողջունում են նրանց հովանավորները։
«Նիկոլ Փաշինյանն ունի արևմտյան, նաև թուրք-ադրբեջանական իր հովանավորների աջակցությունը՝ նման վարքագիծ դրսևորելու համար, հետևաբար, այդ քայլերով գնում է։ Տեսեք՝ ինչ է տեղի ունենում․ ձերբակալում են Արմեն Աշոտյանին, որի դերակատարությունն արդեն շեշտեցի, և ԱԺ-ում վարչապետ կոչվածն ասում է, թե մեր սխալն այն է եղել, որ վստահել ենք բանակին։ Եվ դա ասում է այն պահին, երբ սահմանին լարված է, թշնամին այսօր մուտք է գործել ՀՀ տարածք։ Ահա այսպիսի ուղերձներ է նա տալիս, դրա համար էլ արժանանում է էրդողանների, ալիևների գովասանքին, ինչին ականատես եղանք երկու օր առաջ»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Այնուհանդերձ, ըստ Մելիք-Շահնազարյանի, իշխանությունների ուրախությունը ժամանակավոր է, պայքարողներին ճնշելու նրանց ռեսուրսները սպառվում են, ինչին բոլորովին այլ փուլ է հաջորդելու։
«Վերջին ճիգերն են գործադրում։ Մենք պետք է հաղթահարենք նաև այս փուլը, դրանից հետո, համոզված եմ, ունենալու ենք լուրջ վերականգնման ռեսուրս, ինչու՞չէ՝ նաև հաղթանակներ»,- ասաց նա։