15/06/2023 16:40
Դա «նիկոլյան տռոյկան» է. հատուկ ստեղծված դատարան` մարդկանց վնաս տալու համար. Տիգրան Աթանեսյան
Մեղադրանքի մասը պարզապես ծիծաղելի է, պարոն Աշոտյանը սա որակում է որպես քաղաքական հետապնդում՝ կապված Արցախը հանձնելու ազգակործան, դավաճանական քաղաքականության հետ և փորձ՝ լռեցնելու բոլոր այն գործիչներին, որոնք հիմնավոր կերպով մատնացույց են անում հայրենավաճառությունը, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Մեղադրանքն է թարմացված ներկայացվել, ցուցմունք չենք տվել, քանի որ նախկինում, որ գործը քննվում էր ՀՔԾ-ում, փաստական հանգամանքների վերաբերյալ պարոն Աշոտյանը մանրամասն ցուցմունք է տվել։ ՀՔԾ-ն շուրջ 2 տարի ոչ մի հիմք չէր գտնում մեղադրանք առաջադրելու։ Մեղադրանքն առաջադրեց այս հիմնարկը՝ նույն նյութերի հիման վրա։ Այսինքն՝ ՀՔԾ-ն կողմ էր գործը կարճելուն, Քննչական կոմիտեն գտավ, որ այստեղ կարելի է մարդկանց կալանավորել։ Քննիչը դիմել է դատարան, մի քանի ժամից կիմանանք, թե նիստը երբ է և ով է գործը քննելու։ Հակակոռուպցիոն դատարանն է, հույս չունենք, դա «նիկոլյան տռոյկան» է․ հատուկ ստեղծված դատարան՝ մարդկանց վնաս տալու համար», - մանրամասնեց պաշտպանը։