15/06/2023 16:56
Պատմության ընթացքում առաջին անգամ է, որ Թուրքիան ծայրահեղ կարևոր է թե՛ ռուսների, թե՛ ամերիկացիների համար. Սուրեն Սարգսյան
Թուրքիայի նախագահական ընտրությունն ԱՄՆ-ի ուղեղային կենտրոնների, մամուլի ուշադրության կենտրոնում էր։ ԱՄՆ պետական համակարգում կար համոզմունք, որ Էրդողանը հաղթելու է և դրա համար է, որ ակտիվ և ագրեսիվ գործողություններ չէին անում։ Իհարկե, Միացյալ Նահնագներում կուզեին, որ Թուրքիայում հաղթեր առավել կանխատեսելի, առավել արևմտամետ գործիչ, բայց հասկանում էին, որ Էրդողանի շանսերը մեծ են, Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում նշել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը։
«ԱՄՆ-ում ցանկացած գործչի ընտրվելու դեպքում էլ Թուրքիայի հետ աշխատելու սցենարներ կային, ԱՄՆ-ն ցանկացած դեպքում ունի սեփական օրակարգն առաջ մղելու ռազմավարություն։ Այլ հարց է, որ Թուրքիայում կա նաև ռուսական ազդեցություն, ռուսները վերջին տարիներին ակտիվ և գրագետ աշխատել են Էրդողանին համաշխարհային մակարդակի խաղացող դարձնելու համար, որպեսզի այդպիսով Թուրքիայում հնարավորինս չեզոքացվեր ԱՄՆ-ի ազդեցությունը, մեծանար Էրդողանի՝ առավել ինքնուրույն գործելու հնարավորությունը»։
Սուրեն Սարգսյանն ընդգծել է՝ միևնույն ժամանակ ԱՄՆ-ում շատ լավ գիտեն, որ Թուրքիան աշխարհում միակ պետությունն է, որ 16 անգամ պատերազմել է Ռուսաստանի դեմ, ամեն պարտությունից հետո նորից պատերազմել է։ ԱՄՆ-ում հստակ գիտակցում են՝ Հարավային Կովկասում Ռուսաստանին կարող են հակակշռել Թուրքիայով։ ԱՄՆ-ն մեր տարածաշրջան կարող է մուտք գործել միայն թուրքական դարպասով։ Տարածաշրջանում հակաթուրքական օջախներ չեն ձևավորվում, որովհետև ձևավորող չկա՝ արտաքին խաղացող չկա։
«ԱՄՆ-ում վստահություն կա, որ եթե Հարավային Կովկասում կոնֆլիկտները լուծվեն՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, ԼՂ-ի խնդիրը լուծվի, ապա տարածաշրջանում ռուսներին անելու բան չի մնա. դուրս կբերվի ռուսական 102-րդ ռազմաբազան, Արցախից դուրս կգա խաղաղապահ զորախումբը»։
Սուրեն Սարգսյանի գնահատմամբ պատմության ընթացքում առաջին անգամ է, որ Թուրքիան ծայրահեղ կարևոր է թե ռուսների, թե ամերիկացիների համար։ «Այսօրվա Թուրքիան 5 տարի առաջվա Թուրքիան չէ, հիմա Թուրքիան ինքնուրույն է խաղում, դա գիտակցում են Վաշինգտոնում և փորձում այնպես անել, որ Թուրքիայի ինքնուրույն խաղի հետ մեկտեղ իրենց շահերն էլ կարողանան առաջ մղել։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ Թուրքիային հակակշռելու համար ԱՄՆ-ն մեծացնելու է Հունաստանին աջակցությունը, ինչպես նաև չի խանգարելու Իրանին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։