15/06/2023 09:56
«Ժողովուրդ». Ինչու է Կարեն Անդրեասյանն օպերատիվ համարանիշ տվել իր խորհրդական Արշակ Վարդապետյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, որը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդականն է, օպերատիվ համարանիշներով է շրջում:
Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Վարդապետյանը ԲԴԽ-ում միակ խորհրդականն է, որն ունի ավտոմեքենայի օպերատիվ համարանիշներ, և հարց է առաջանում՝ ինչպես են այդ համարանիշները հայտնվել Կարեն Անդրեասյանի խորհրդականի մոտ: Պարզվում է՝ հայրենի դատական համակարգի անկախության թիվ մեկ երաշխավոր կառույցի անդամների համար դեռ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ոստիկանություն և 10 հատ օպերատիվ համարանիշներ խնդրել:
Բնականաբար, ոստիկանությունը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի խնդրանքը և ԲԴԽ-ի 10 անդամներին հատկացրել օպերատիվ համարանիշներ: Ու քանի որ ԲԴԽ անդամների փոփոխությունները հաճախ են լինում վերջին տարիներին, ԲԴԽ որոշ անդամների օպերատիվ հարամանիշները փոխանցվել են նորեկներին՝ բացառությամբ մեկի:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԲԴԽ նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է, որ ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանը, որը «իր սրտի պաշտոնյան» չէ, չի կարող օպերատիվ համարանիշներ ունենալ:
Ըստ ամենայնի, հենց նրան «հասանելիք» օպերատիվ համարանիշն է Կարեն Անդրեասյանը տվել իր խորհրդական Արշակ Վարդապետյանին: Իսկ ի՞նչ նպատակ է դա հետապնդում: Դատական համակարգում լուրեր կան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդական Արշակ Վարդապետյանը օպերատիվ համարանիշներով հաճախ է լինում տարբեր դատարաններում, հանդիպում դատարանների նախագահների հետ՝ նրանց փոխանցելով Կարեն Անդրեասյանի մեսիջները, թե որ գործով ինչ վճիռ կամ որոշում է անհրաժեշտ քաղաքական իշխանությանը:
Այս տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ Արշակ Վարդապետյանից՝ հետաքրքրվելով, թե երբ է ստացել օպերատիվ համարները, և արդյոք դատարանների նախագահների մոտ գնալու առաքելության համար է ստացել համարանիշները: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցերին ի պատասխան՝ Արշակ Վարդապետյանը նշեց. «ԲԴԽ գործունեության հետ կապված բոլոր հարցերով խնդրում եմ կապվել ԲԴԽ մամլո ծառայության հետ»։ Նա, ըստ էության, հրաժարվեց պատասխանել իրեն առնչվող հարցերին:
Հավելենք, որ ավտոմեքենաների վրա դրվող օպերատիվ համարանիշները հիմնականում անվերահսկելի են, չեն ստուգվում, չեն տուգանվում: Կարճ ասած, կանաչ լույս ունի ՆԳ փոխնախարարի ամուսինը»։