15/06/2023 11:54
Ադրբեջանը կրակում է գործարանի վրա, որ հնարավորություն չտա մեզ զարգանալու. Արարատի մարզպետ
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա երկրների դեսպաններն այսօր այցելել են Երասխ՝ տեսնելու նախօրեին Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքները։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ-ում հայտարարել էր, որ իրենց հրավերով Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները այցելելու են Երասխի այն հատված, որի ուղղությամբ ադրբեջանական կողմը ագրեսայի է դիմել։
«Հարցը կպահենք նրանց ուշադրության կենտրոնում», - ասել էր Միրզոյանը:
Լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ասաց, որ գործարանի կառուցման համար գումարը գալիս է ԱՄՆ-ից։
«Խոսքը 70 միլիոն ԱՄՆ դոլար և ավելի ներդրման մասին է։ Ադրբեջանը կրակում է գործարանի վրա, որ հնարավորություն չտա մեզ զարգանալու», - ասաց մարզպետը։
Նա նշեց, որ այս պահին 200 մարդ է աշխատում գործարանում, բայց շահագործման հանձնվելուց հետո այնտեղ մոտ 1000 մարդ է աշխատելու։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: