15/06/2023 12:24
Բնակելի շենքերին կրակոցներ եղել են, թե ոչ՝ չեմ կարող ասել, որովհետև իրավիճակին չեմ տիրապետում. Կորպուսի հրամանատար
Հրաձգության հետևանքներն առկա են գործարանի տարածքում, իսկ թե եղե՞լ են կրակոցներ բնակելի շենքերին՝ չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում այդ իրավիճակին, Երասխում լրագրողների հետ զրույցում ասաց բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը՝ անդրադառնալով նախօրեին Երասխի հատվածում ադրբեջանական ագրեսիային։
«Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ շարունակում ենք մեր ծառայությունն իրականացնել պետական սահմանի պահպանման գործում», - ասաց հրամանատարը։
Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա երկրների դեսպաններն այսօր այցելել են Երասխ՝ տեսնելու նախօրեին Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքները։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: