15/06/2023 19:02
Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր, դրա համար սպանվե՞ց, թե՞ կարող է դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց. Վարչապետն`ընդդիմությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` ընդդիմությունն իր տեղաշարժի մասին շատ վատ պատկերացում ունի:
«Դա, գուցե, ինչ-որ տեղ ուրախալի է: Ես Երևանի փողոցներում տասնյակ կիլոմետրերով քայլում եմ, դուք 10 տարվա ընթացքում երբևէ կարող էիք Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնե՞լ, կամ, եթե Ռոբերտ Քոչարյանը մտնում էր սրճարան, հետևից դիակ էր թողում, ինչո՞ւ եք սադրում, որ մենք այս բաներն ասենք», - ԱԺ-ում հայտարարեց վարչապետը:
Անդրադառնալով ատելության ակնարկներին, ահաբեկչության մասին խոսակցություներին, «Ղարաբաղը տվեք» արտահայտությանը` Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Կներեք, Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր, հա՞, դրա համար սպանվե՞ց, թե՞ կարող է դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց: Բա ո՞նց է եղել Հոկտեմբերի 27-ը, եղել է այն, որ սրճարաններում, այդ թվում դահլիճում ներկա որոշ մարդիկ նաիրիհունանյանների հետ խոսելիս ասել են` «Վազգենն է սաղ պրոբլեմը, Վազգենը, այ, Վազգենը, էս երկրում ինչքան պրոբլեմ կա` Վազգենն է, այ, որ Վազգենը չլինի… գիտեին, իրենց կադրն էր չէ՞, թույլ տեղերը գիտեին հոգեբանական, թե որ «տոչկեքի» վրա սեղմեն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հարց հնչեցրեց. «Ատելությունը ինչի՞ համար էիք գեներացնում Վազգեն Սարգսյանի դեմ, Ղարաբաղը տվե՞լ էր, Ղարաբաղը տալի՞ս էր»:
«Կամ, եթե դուք Ղարաբաղը չէիք տալիս, Մեղրին ինչո՞ւ պետք է տայիք, որ Ղարաբաղը վերցնեիք, դուք Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակման թեմա քննարկելով` ընդունել եք, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, հակառակ դեպքում` Հայաստանի ամբողջ շրջանն ինչո՞ւ պետք է տաք, որ Ղարաբաղ ստանաք», - հավելեց վարչապետը:
Նա ասաց, թե Ղարաբաղի թեմայով այսօր շատ չի խոսի. հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովում բոլոր հանգամանքներից մանրամասն կխոսի: