15/06/2023 13:07
Երաշխավորում եմ, որ իմ ասած 100 մարդկանց անունների մեջ որևէ ՔՊ-ականի անուն չի լինելու, այսինքն՝ դասալիքներ չեն լինելու. Աղվան Վարդանյան (Տեսանյութ)
Թերևս վախի զգացում ունեն և փորձել են փարատել այն, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ արձագանքելով նախօրեին հարցուպատասխանի ընթացքում ծավալված խոսակցությանը։
«Սովորական ՔՊ-ական վարքագիծ է՝ գործ տալու վերաբերյալ։ Ես իմ հարցազրույցում բառացի ասել եմ, բնականաբար, տեր եմ այդ ամենին, երաշխավորում եմ, որ այդ մարդկանց անունների մեջ որևէ ՔՊ-ականի անուն չի լինելու, այսինքն, բնականաբար, դասալիքներ չեն լինելու», - ասաց Աղվան Վարդանյանը։
Հիշեցնենք, ավելի վաղ Աղվան Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե 100 տղամարդ է պետք՝ կյանքը զոհելու և մինչև վերջ գնալու պատրաստակամությամբ։
«Այդ մարդիկ պետք է լինեն պատրաստ վճռական անձնազոհության՝ մինչև վերջ գնալու, որպեսզի այս չարիքից երկիրն ազատենք։
Այդ մարդիկ ամենատարբեր ոլորտների մարդիկ են, քաղաքական գործիչներ, գործարարներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ, ռազմական գործի մասնագետներ։ Մենք պետք է կարողանանք ձևավորել միևնույն արժեքներով պետական, ազգային մտածողությամբ առաջնորդվողների էլիտա։
Ցավոք, մեր ընդդիմադիր դաշտը որոշակի խմորումներով բաժան-բաժան է, բայց պետք է լինի մարդկանց խումբ, որոնք ունենան միևնույն մտածողությունը՝ պետականությունը փրկելու», - ասաց պատգամավորը։
Նա նշեց, թե այդ մարդկանց առաքելությունը պետք է լինի ազատել երկիրն այս իշխանությունից՝ քաղաքական ճանապարհով, և այդ մարդկանց միջուկը պետք է լինի վաղվա իշխանությունը, որոնք կփորձեն այս ավերակներից երկիրը դուրս բերել։