15/06/2023 19:23
«Կարծում եմ՝ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի»․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության օրհներգի վերջին տունն ավելորդ է համարում
Խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության օրհներգին կանդրադառնա՝ «բարձրաձայն մտածելու ժանրում»․ վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Խնդիրը, նրա խոսքով, այն է, որ Հայաստանի հիմնը զոհվելու մասին խոսքերով և զոհվելու տեսարանով է ավարտվում, այնինչ այն կարելի է այլ կերպ ավարտել։
«Ես էս վերջերս շատ մտածում եմ․ իհարկե, զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով գուցե հեշտ չի իրականացնել, բայց կարծում եմ, որ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ Հայաստանի Հանրապետության հիմնն ավարտվի հետևյալ տողերով․
Նաի՛ր նրան՝ երեք գունով նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան», - ՀՀ օրհներգի նախավերջին տունը մեջբերեց Փաշինյանը՝ այսպիսով, փաստացի, առաջարկելով հանել հիմնի վերջին տունն ու այն ավարտել նախավերջինով։
Հայաստանի Հանրապետության օրհներգի վերջին տունը, հիշեցնենք, ավարտվում է այսպես․
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։