15/06/2023 15:33
ՀՀ առևտրային ճեղքը պատմական նվազագույն մակարդակի վրա է գտնվել. Վահան Քերոբյան
Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակի արդյունքում արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 62.6 տոկոս՝ հատելով այն թիրախը, որը կառավարությունը դրել է 2026թ համար, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Քերոբյանը նախ պատմական ակնարկ արեց, ասաց` 2000 թ. Հայաստանի արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 29.4 տոկոս, ներմուծումը՝ 46.6 տոկոս, 2007թ. արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ կրկնակի ընկել է՝ կազմելով 15.5 տոկոս, իսկ ներմուծումը մնացել է մոտավորապես նույնը՝ 43 տոկոս:
«Մեր առևտրային դեֆիցիտը մոտավորապես 30 տոկոս է կազմել ՀՆԱ-ի նկատմամբ: Այսինքն՝ արտահանման և ներմուծումների նկատմամբ սարսափելի մեծ ճեղք ենք ունեցել», - ասաց Քերոբյանը:
2022թ․ ամփոփվել է պատմական ռեկորդով: Ըստ նախարարի՝ այդպիսի թիվ երբեք չի եղել Հայաստանի պատմության մեջ: 48.3 տոկոս կազմել է արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ՝ այն դեպքում, երբ ներմուծումը կազմել է 51.3 տոկոս:
«Այսինքն՝ մեր առևտրային ճեղքը պատմական նվազագույն մակարդակի վրա է գտնվել 2022 թվականին: 2023թ առաջին եռամսյակի արդյունքում մեր արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը հատել է այն թիրախը, որը կառավարությունը դրել է 2026 թվականի համար և կազմել է 62.6 տոկոս: Ընդ որում, ներմուծման թիվը կազմել է 64.2 տոկոս: Սա, մեր կարծիքով, հրաշալի արդյունք է», - ասաց Քերոբյանը` հավելելով, որ այսպիսի թիվ Հայաստանի տնտեսության մեջ երբևիցե չի եղել: