15/06/2023 12:28
Ռազմական արդյունաբերության հետ կապված ունենք հաջողություններ, որը նկատել է նաև հակառակորդը. Անդրանիկ Քոչարյան
Հայաստանը 2022 թվականին ռազմական արդյունաբերության հետ կապված ունի արձանագրված հաջողություններ, ինչը նկատել է նաև հակառակորդը, ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ռազմական արդյունաբերության հետ կապված 2022-ին ունենք արձանագրած հաջողություններ, որը, ի զարմանս մեզ, նկատել է նաև հակառակորդը, իհարկե, չգիտակցելով, որ դրանք մեր արդյունաբերության հետ արձանագրված իրողություններ են: Ամեն դեպքում, դա հաճելի իրողություն է: Եվ դա շարունակությունն է այն նպատակների, որ կառավարությունը դրել է 2022-ի և, ընդհանրապես, կառավարության ծրագրերի մեջ՝ ռազմական արդյունաբերության զարգացման տեսանկյունից», - ասաց Քոչարյանը:
Նա նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ մի քանի խորհրդակցություններ են եղել ՊՆ-ի, ԱԺ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ արդյունաբերության հետ կապված խնդիրների հաղթահարման ուղղությամբ:
Նրա խոսքով՝ բյուրոկրատական խնդիրները շատ են, բայց դրանց հաղթահարումն այն նպատակին է մոտեցնում, որ արդյունաբերությունը, առանց խոչընդոտների, բանակի կարիքների հետ կապված կարողանա լավ արձանագրումներ իրականացնել: