15/06/2023 13:25
Թուրք-ադրբեջանական տանդեմի համար անչափ կարևոր է ճանապարհ ստանալը, իսկ ճանապարհի ավելի լայն հասկացությունը միջանցքն է. Սեյրան Օհանյան
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ` թուրք-ադրբեջանական տանդեմի համար անչափ կարևոր է ճանապարհ ստանալ, իսկ ճանապարհի ավելի լայն հասկացությունը, ըստ նրա, միջանցքն է:
«Ես գտնում եմ, որ իրենք իրենց հեռահար նպատակների համար են դա իրականացնում, իսկ ՀՀ իշխանությունները ճշգրիտ հաշվարկների հիման վրա պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանեն, որովհետև, ես գտնում եմ, որ քանի դեռ ադրբեջանցիները գտնվում են մեր սահմաններում, որևիցե ճանապարհի կամ որևիցե սահմանագծման, սահմանների ճշգրտման ուղղությամբ աշխատանք չպետք է տարվի, ադրբեջանցիները դուրս պետք է գան Հայաստանից», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա` խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին:
Ըստ Օհանյանի` միակ տարբերակը Հայաստանի հզորացումն է, իսկ հզորացումն այս իշխանության օրոք չի կարող լինել:
«Իրենք համակերպվում են կեղծ խաղաղության օրակարգին, որը թելադրված է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որևիցե խաղաղություն չկա, եթե խոսում ենք խաղաղության մասին` ինչպե՞ս կարող է հարևան պետությունն անընդհատ կրակել, անընդհատ սադրանքներ կազմակերպել», - նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը: