16/06/2023 13:10
2-ամյա երեխայի ստամոքսից 13 մագնիս են դուրս բերել. մեկ այլ բժիշկ խորհուրդ էր տվել ուղղակի ջուր խմել (Hetq.am)
Մայիսի կեսերին Սիրանուշն ու Ալբերտը երեխաների հետ ծանոթների տանն են եղել, երբ երեխաներից փոքրը՝ 2-ամյա Շանթը մայրիկին տարել է լոգարան, և փորձել հասկացնել, որ կրծքավանդակի շրջանում ինչ-որ բան է իրեն խանգարում, ինչ-որ նեղող բան կա։ Քանի որ տանը մագնիսե խաղալիքներ էին տեսել, որոշել են երեխային տանել ռենտգենի, գրում է Hetq.am-ը։
«Մեզ ասացին, որ ստամոքսում կա մագնիսի 13 գնդիկ։ Ասեցին, որ ջուր խմեցնենք, պյուրե ուտացնենք, հնարավորինս հեղուկ շատ տանք ու սպասենք մինչև երկուշաբթի առավոտ (դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, հեղ.)»,-պատմում է երեխայի մայրը՝ Սիրանուշը։
Նա պատմում է, որ այդ բժիշկներից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր չէ հանել մագնիսները, քանի դեռ դրանք ստամոքսում են, իրենց պատասխանել են՝ ոչ, գնացեք և սպասեք։
Սիրանուշն ու Ալբերտը երեխայի հետ վերադարձել են տուն, սակայն հասկացել են, որ երկրորդ մասնագետի կարծիք է պետք լսել ու գնացել են «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար»։ Այստեղ ևս մեկ անգամ ռենտգեն են արել, և հաստատվել է, որ ստամոքսում և կերակրափողում կան մագնիսի գնդիկներ։
Սիրանուշը պատմում է, որ երեխան պահում էր իրեն սովորականի պես, նրա վիճակից հասկանալի չէր՝ ինչ է իրենց սպասում.
«Երբ ես «Ուիգմոր»-ում հարցուփորձ էի անում՝ իսկ նարկոզը և այլն, և այլն, ինձ էդտեղ սթափեցնող բացատրեցին, որ հիմա՝ էս պահին է նա էսպես աշխույժ, ժիր, խոսում է, խաղում է, երբ որ մագնիսները ստամոքսից գնան աղիներ, ինչ կլինի, իր վիճակն ինչպես կփոխվի, արդեն անկանխատեսելի է»,- պատմում է Սիրանուշը։
«Ուգիմոր»-ում կատարել են էնդոսկոպիկ հետազոտություն, անզգայացրել են երեխային և հանել մագնիսները։ Գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Դավիթ Մարգարյանն ասում է, որ, բարեբախտաբար, դրանցից ոչ մեկ դեռ չէր անցել ոչ հասանելի հատվածներ, քանի որ այդ դեպքում արդեն վիրահատություն կամ այլ միջամտություններ պետք է իրականացնեին։ Նաև խուսափել են հետագա հնարավոր բարդություններից.
«Եթե մենք ունենայինք մեկ մագնիս, մենք խնդիր չէինք ունենա, մեկ մագնիսը կարող էր հանգիստ դուրս գալ,- ասում է Դավիթ Մարգարյանը,- երկու և ավելիի դեպքում, մենք պերֆորացիաների, նեկրոզի առաջացման ռիսկեր ունենք»։
Գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստը նաև նշում է, որ լավ է, որ ծնողները չեն հետևել առաջին բուժհաստատությունում տրված խորհուրդներին և ո’չ ջուր են խմեցրել, ո’չ պյուրե տվել, քանի որ դրանք, ընդհակառակը, կվատացնեին երեխայի վիճակը. առարկան ստամոքսից կանցներ այլ հատվածներ, ու արդեն դժվար կլիներ այն հեռացնել։
«Ուիգմոր»-ի փոխտնօրեն, մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանն էլ ասում է՝ շատ կարևոր է, որ ծնողները գլխի են ընկել ու ժամանակին են դիմել.
«Եթե մենք ստամոքսում եղած մագնիսը չիմանանք որ կա, և այդ ժամանակ չհեռացնենք, թույլ տանք, որ այն հայտվի աղիներում, մենք, ցավոք, գործ կունենանք լուրջ հիվանդության հետ, երբ աղիքի տարբեր հատվածներ երբեմն ստիպված են լինում հեռացնել, կարել միմյանց, նույնիսկ աշխարհում նկարագրված են դեպքեր, երբ, ցավոք, երեխային այդ դեպքից հետո փրկել չի հաջողվել»,- ասում է նա։ Հետևաբար կարևոր է, որ դրանք երկար չմնան, չառաջացնեն խոցեր, բարդություններ, արյունահոսություն և այլն։
Շանթի հայրը՝ Ալբերտ Թորոսյանը պատմում է, որ ինքն է եղել երեխայի կողքին մագնիսները հանելու ժամանակ, հաջորդ օրը երեխան այդ ամենը չի հիշել. ուրախ արթնացել է, հայրիկի ձեռքից քաշել ու խնդրել է իրեն դուրս տանել։
Սիրանուշն ու Ալբերտը կարծում են, որ թեև ոչ մի ծնող ապահովագրված չէ նման դեպքից՝ հուսով են, որ իրենց օրինակը կարող է օգնել այլ ծնողներին.
«Կանխելու համար, երևի թե այն, որ կոնկրետ այս դեպքում պետք էր հետևողական գտնել ու կամ ինքնուրույն հավաքել խաղալիքը, կամ ինչ-որ անհասանելի տեղ դնել։ Այն միջավայրը, որտեղ ամեն ինչ ձեզ ծանոթ չէ, պետք է ավելի ուշադիր լինել»,- ասում է Ալբերտ Թորոսյանը՝ նշելով, որ իրենց երկու՝ 7 և 9 տարեկան աղջիկների հետ խոսել են այդ դեպքից և հորդորել են զգույշ լինել խաղալիքների հետ։
Մագնիսե խաղալիքների վերաբերյալ եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ահազանգեր են ստացվել, և դրանք հետ են կանչվել։
Առաջիկայում մենք կներկայացնենք՝ ինչպես ճիշտ խաղալիք ընտրել, ինչին ուշադրություն դարձնել և ինչ հետևանքների կարող է բերել խաղալիքի ոչ ճիշտ կիրառումը։