16/06/2023 19:32
Ի՞նչ է ուղիղ աղիքի ճաքը և ինչպե՞ս է այն ազդում կյանքի որակի վրա. Զրույց պրոկտոլոգի հետ
Aysor.am-ը պրոկտոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկի՝ ուղիղ աղիքի (անալ) ճաքի առաջացման, ախտանշանների և բուժման էֆեկտիվ մեթոդների մասին զրուցել է վիրաբույժ-պրոկտոլոգ Վիկտորյա Պողոսյանի հետ։
- Ի՞նչ խնդիր է ուղիղ աղիքի ճաքը։
- Ուղիղ աղիքի ճաքը կամ անալ ճաքը պրոկտոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Ուղիղ աղիքի ճաքը հետանցքի մաշկի ճեղքանման կամ եռանկյունաձև դեֆեկտն է։
- Որո՞նք են խնդրի առաջացման նշանները։
- Բուժառուները մասնավորապես գանգատվում են դիսկոմֆորտից, արյունից, ցավից, կղազատումից հետո այրոցից, հետանցքային սեղմանի սպազմից։
- Ո՞ր գործոններն են ազդում ճաքերի առաջացման վրա։
- Հիվանդությունը պայմանավորող հիմնական գործոններն են՝ նստակյաց կյանքը, ֆիզիկական պասիվությունը, փորկապությունը, փորլուծությունը, սննդակարգի չարաշահումը (կծու, թթու սննդի, ալկոհոլի չափից շատ օգտագործումը)։
- Ինչպե՞ս կարելի է կանխարգելել հիվանդության առաջացումը։
- Առաջին հերթին պետք է ապրել ֆիզիկական ակտիվ կյանքով, հետևել սննդակարգին, խուսափել փորկապության և փորլուծության դրսևորումներից։
- Ո՞ր տարիքային խմբերն են ռիսկային գոտում։
- Հիվանդությանը հակված են բոլոր տարիքային խմբի մարդիկ՝ նույնիսկ երեխաները։
- Ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել խնդիրը։
- Երկարատև քրոնիկ ճաքերի դեպքում, վտանգավոր բարդություններից է պարապրոկտիտի առաջացումը։
- Ինչպե՞ս է բուժվում, ի՞նչ մեթոդներով։
- Ուղիղ աղիքի կամ անալ կանալի ճաքը լինում է սուր և քրոնիկական։ Եթե բուժառուները դիմում են ժամանակին՝ սուր փուլում, որից չի անցել 2 ամիս, բուժումը իրականացվում է կոնսերվատիվ եղանակով՝ մոմիկների, քսուքների և դեղորայքի միջոցով։
Արդեն քրոնիկ փուլում, որը հաճախախ հանգեցնում է սրացումների, դեղորայքային բուժումն անօգուտ է, կատարվում է վիրահատական միջամտություն։
Խորհուրդ ենք տալիս ժամանակին դիմել պրոկտոլոգի՝ բոլոր հնարավոր բարդություններից խուսափելու համար։
Հիշե՛ք, ավելի հեշտ է կանխել խնդիրը, քան հետագայում բուժել այն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։