16/06/2023 20:55
Չի իրականացվում սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի փոխադրում՝ խաղաղապահների մեքենաներով․ Հումանիտար ճգնաժամն Արցախում ավելի է սրվում․ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոն
Արցախի Հանրապետության կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը տեղեկացնում է․
«Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջությամբ արգելված են Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները՝ Արցախ-Հայաստան սահմանագծին նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով առաջացած իրավիճակի պատրվակով:
Երեկ ու այսօր տեղի չեն ունեցել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար հրատապ կարիքներից ելնելով՝ մարդկանց խիստ սահմանափակ տեղափոխումները, ինչպես նաև երկու օր շարունակ չի իրականացվում սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների փոխադրումը ռուս խաղաղապահների մեքենաներով:
Այս ամենի արդյունքում էլ ավելի է սրվում առկա հումանիտար ճգնաժամն Արցախում՝ առաջացնելով նոր ծանր խնդիրներ ու պայմաններ բնակչության համար:
Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով հումանիտար փոխադրումների վերաբերյալ տեղեկություններ լինելու դեպքում հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»: