16/06/2023 13:33
Ճշմարտացի խոսքը ճաղերի հետևում թաքցնելն էր հնարավորություն ընձեռում ոմանց շարունակել իրենց թրքական նպատակների իրականացումը. Դավիթ Հարությունյան
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Արմեն Աշոտյանը տեղյակ էր, որ իր հանդեպ կարող է նման քայլ կատարվել, սակայն դա նրան չստիպեց լռել և չբացահայտել այն հանցագործությունները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, ՀՀ ժողովրդի, ՀՀ-ի և Արցախի ճակատագրի հետ։
«Նա անդադար դրա մասին խոսում էր և, կարծում եմ, որ խնդրին հենց այդ տեսանկյունից պետք է նայել, քանի որ հենց ճշմարտացի խոսքը ճաղերի հետևում թաքցնելն էր հնարավորություն ընձեռում ոմանց շարունակել իրենք թրքական նպատակների իրականացումը։ Այնպես որ, խնդրին պետք է նայել ոչ թե հանցագործության տեսանկյունից, այլ՝ թե ինչ նպատակ էր հետապնդում Արմեն Աշոտյանի ճաղերի հետևում պահելը։ Վստահաբար սխալվել են, քանի որ կան մարդիկ, որոնց խոսքը նման ձևով չես լռեցնի։ Արմեն Աշոտյանը պատկանում է այդ մարդկանց դասին»,-լրագրողների հետ զրույցում նշեց Հարությունյանը։
Ինչ վերաբերում է իրավական մասին, ապա Հարությունյանը նշեց, որ մի քանի անգամ թուղթն ու գրիչը ձեռքին փորձել է հասկանալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, սակայն այնտեղ ոչ մի իրավական բան չի տեսել. «Մեկնաբանելու ոչ մի բան չկա, իրավունքի մասին էլ խոսք չկա»։
Անդրադառնալով ընդդիմության անելիքներին, նա ավելացրեց, որ քաղաքական ուժերի մոտ կարծիքները կարող են տարբեր լինել, սակայն նպատակը մեկը պետք է լինի.«Պետք է անդադար բացահայտվի ճշմարտությունը։ Ի վերջո, եթե դուք ուսումնասիրեք այն վիճակագրական տվյալները, որոնք հրապարակվում են անկախ մարմինների կողմից, կտեսնեք, որ այդ բաց խոսքն, ի վերջո, գտնում է իր հասցեատիրոջը և մարդիկ ընկալում են, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրի հետ։ Առաջիկայում յուրաքանչյուր քաղաքական ուժ կներկայացնի պայքարի իր գործունեությունը։ Մի բան ակնհայտ է՝ պետք է ժողովրդի հետ ուղիղ խոսք լինի։
Երբ խոսում ենք Սահմանադրության մասին, այն ամրագրում է մի շարք բարձրագույն արժեքներ: Ժողովրդական ապստամբությունն ընդունված է և սահմանադրական իրավունքը նաև դիտում է ժողովրդի իրավունք, թեև դրա մասին ուղղակիորեն գրված չէ, բայց բավական է բացել սահմանադրական իրավունքի որևէ դասական միջազգայնորեն ընդունված դասագիրք, և դրա մասին կտեսնեք: Դա չի նշանակում, որ դա միակ եղանակն է: Այս պահին ես չեմ տեսնում որևէ անհրաժեշտություն՝ գործելու ստանդարտ իրավական դաշտից դուրս՝ ապավինելով վերջին միջոցներին։ Իրավիճակն արդեն երկար ժամանակ օրհասական է»:
Հարցին, թե ինչո՞ւ են միջազգային կառույցները լռություն պահպանում, Հարությունյանը նշեց, որ այդ թեմային վաղուց է անդրադարձել. «Մինչև 2018 թվականը, սկսած 2011 թվականից՝ ես այդ մասին բարձրաձայնել եմ: Ես նշել եմ, որ բազմաթիվ միջազգային ինստիտուտներ վերածվել են իրավունքի պաշտպաններից շահերի պաշտպանի: Մենք պետք է հասկանանք՝ ինչ շահ են նրանք հետապնդում, երբ լռում են: Այնպես չէ, որ այս երևույթը կապված է 2018 թվականի հետ: Իրենք ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, որոնք ամենևին չեն համընկնում հայ ժողովրդի շահերի հետ»: