16/06/2023 11:19
Ադրբեջանը տվել է ԼՂ-ում էթնիկ զտման գործողությունների մեկնարկը. խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական. Վարչապետ (Տեսանյութ)
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ-ին էլեկտրական էներգիայի ու բնական գազի մատակարարումնեի արգելափակումը, որը շարունակվում է վեց ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով Կարմիր խաչի ու ռուս խաղաղպահների միջոցով, երեկվանից զրոյացվել է դա ու անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել ԼՂ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում, նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով։ Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում»,- հայտարարեց վարչապետը։
Նրա խոսքով՝ արդեն խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ՝ արդեն գործողությունների մեկնարկի։
«Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա ասաց, թե այս իրավիճակին Հայաստանի արձագանքը պետք է լինի նաև միջազգային տեղեկացվածության բարձրացումը, ընդ որում՝ ոչ միայն կազմակերպությունների ու օտարերկրյա կառավարությունների, այլև՝ հանրությունների մակարդակով։
«Այս ուղղությամբ մեր ջանքերը չպետք է նվազեն»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շարունակում են կարծել, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմնի շրջանակներում չափազանց կարևոր է ու պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։
«Միևնույն ժամանակ, որքան էլ դժվար է՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական»,- ասաց նա։