16/06/2023 09:53
«Հրապարակ». Փաշինյանը բանակին հրահանգել է կռիվ տալ, ինչի արդյունքում էլ ադրբեջանցիները փակեցին անցակետը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանցիների՝ Հակարիի կամրջի հայաստանյան հատվածում առաջխաղացումից հետո Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ ադրբեջանցիներն արգելել են հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ։
Ադրբեջանական մամուլում գրվեց, որ հայկական կողմից կրակել են իրենց սահմանապահների վրա՝ Լաչինի անցակետում, ուստի իրենք փակել են անցակետը բոլոր տեսակի մարդասիրական փոխադրումների համար` այնքան ժամանակ, մինչև որ հստակ և ամբողջական կհետաքննվի միջադեպը, և հայկական կողմը կբացահայտի մեղավորին։ Չնայած ժամեր անց դրոշը հանվեց, սակայն բեռների մուտքն այդպես էլ չթույլատրվեց։
Արցախի մեր աղբյուրներն այս երկու միջադեպերի միջև ուղիղ կապ են տեսնում և կասկած ունեն, որ հայկական իշխանությունը միտումնավոր է սադրել, սրել իրավիճակը, ինչի հետևանքով էլ ադրբեջանցիները նման որոշում են կայացրել, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո լեգիտիմացվի Արցախն Ադրբեջանին հանձնելու որոշումը։ Արցախցիները տարօրինակ են համարում, որ Նիկոլ Փաշինյանը, որ հրապարակային հայտարարեց, թե Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չի հայտարարելու, բանակին հրահանգել է կռիվ տալ 10-20 մետրի համար, ինչի արդյունքում էլ ադրբեջանցիները փակեցին անցակետը: Երեկ տեղեկություն կար նաև, որ թեժ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ադրբեջանական կողմը հրետանի է կիրառել»։