16/06/2023 12:13
Այսօրվա հիմնը սազական չէ մեր պես մշակույթ ունեցող երկրին. բոլոր խորհրդանիշներն էլ փոփոխության կարիք ունեն. Հաղթանակ Շահումյան
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ մեր խորհրդանիշները փոփոխության կարիք ունեն։
«Չեմ լսել, թե այդ մասով ինչ է հայտարարվել։ Իհարկե, պետք է մեր հիմնը փոխվի։ Ժամանակին այդ խոսակցությունը եղավ, մրցանակաբաշխության պես բան եղավ։ Մասնագետների կարծիքն է հիմնի փոխվելը։ Անգամ առաջարկում էին «Երկիր դրախտավայրը» վերածել հիմնի, նաև Խաչատրյանի երաժշտությունը։ Ի՞նչ է նշանակում սովետի մնացածը օգտագործել։ Ժամանակին անգամ ես էլ առաջարկ էի արել, որ մեր դրոշի վրա 8 հատ աստղ ավելացնեն, որպեսզի հեշտ ընկալվեր։ Հասկանում եք՝ մենք փոքր երկիր ենք և ոչ բոլորն են հիշում մեր ատրիբուտները, եթե դրանք նմանեցնում են ինչ-որ ասպետական ժամանակների բաների։ Սկսած զինանշանից՝ բոլոր խրհրդանիշները կարիք ունեին փոփոխության։ Այն ժամանակները շատ խառն էին և ազդեցություններով հնի վրա՝ ինչ-որ բան արեցին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց գեղանկարիչը։
Նրա խոսքով՝ պետք է մասնագետների կարծիքը նախ լսել, հետո որոշում կայացնել. «Ես չգիտեմ, թե պաշտոնյաներից ով ինչ է ասել, բայց մասնագետների միահամուռ կարծիքն է, որ հիմնը կա՛մ պետք է Խաչատրյանինը լինի, կա՛մ ազգային ինճչոր բան։ Այսօրվա հիմնը սազական չէ մեր պես մշակույթ ունեցող երկրին»։
Անդրադառնալով զինանշանի փոփոխությանը, Շահումյանը շեշտեց, որ դա էլ փոփոխության կարիք ունի. «Այստեղ հարցն այն չէ, որ այնտեղ Մասիս կամ այլ բան չլինի։ Բոլորն էլ պետք է լինեն, գերբի համար դա հարմար է։ Սակայն, մերը հին ասպետական եվրոպական բաներից ներմուծված մոտեցում է։ Ես կարծում եմ, որ այն ավելի պետք է պարզեցվի, ինչպես, օրինակ, Ճապոնիայինն ու Իսրայելինն է, որ ակնթարթով մեր մեջ ամրանա։ Մենք փոքր երկիր ենք, Ամերիկա չենք, որ բոլորը մեր հանդեպ հետաքրքրություն ունենան։ Հիշվելու համար պետք է պարզ, ազգայի մի խորհրդանիշ լինի»։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության օրհներգին կանդրադառնա՝ «բարձրաձայն մտածելու ժանրում»․ վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Խնդիրը, նրա խոսքով, այն է, որ Հայաստանի հիմնը զոհվելու մասին խոսքերով և զոհվելու տեսարանով է ավարտվում, այնինչ այն կարելի է այլ կերպ ավարտել։
Նաև անդրադառնալով Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որը նշել էր, թե «կադաստրի թուղթ եք ման գալիս, էնա կադաստրի թուղթը» (նկատի ունենալով ՀՀ գերբը-խմբ.)՝ վարչապետն ասել է․ «Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է՝ մենք հայտարարում ենք` ոչնչացրեք մեզ»: