16/06/2023 10:19
«Ժողովուրդ». Յուրային և ոչ յուրային լրատվամիջոցների ցանկը կազմել է հանրությանն առավել հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը թերևս ամենաանհասանելի նախարարներից է լրատվամիջոցների համար. վերջինս իր նշանակման օրվանից գրեթե մշտապես խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին:
Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցն էլ, հավանաբար, հետևելով իր օրինակին, փակ է լրագրողների համար. ԱԳՆ-ից հազվադեպ են պատասխանում զանգերին, իսկ գրավոր հարցումներին էլ պատասխանում են ամիսներ անց:
Պարզվում է՝ ԱԳՆ-ն սևերի-սպիտակների քաղաքականությամբ է առաջնորդվում լրատվամիջոցների դեպքում, ունի սիրելի ու ոչ սիրելի լրատվամիջոցների ցուցակ:
Երեկ սա առավել ընդգծվեց, երբ պարզ դարձավ, որ ԱԳՆ-ն կազմակերպել էր Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչների և մի խումբ լրագրողների այցը Երասխ, որը մի քանի օր է՝ թշնամու թիրախում է հայտնվել, կրակոցներ են այդ ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատուկենտ լրագրողների են տարել Երասխ: Մեզ չեն հրավիրել, և պարզեցինք, որ լրատվամիջոցների ընտրությունն արել է փոխնախարար Վահան Կոստանյանը նախարար Միրզոյանի անունից:
Երեկ ողջ օրը փորձեցինք հասկանալ՝ ԱԳՆ-ն ինչ սկզբունքով է առաջնորդվել, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմին չի ներգրավել Երասխ մեկնողների ցանկում: ԱԳՆ-ից պարզաբանեցին, որ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն է կազմակերպել այցը: Նրան էլ ողջ օրը չգտանք:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ յուրային և ոչ յուրային լրատվամիջոցների ցանկն իրականում կազմել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով:
Հավանաբար, «Ժողովուրդ» օրաթերթի աղմկահարույց բացահայտումները այդ կառույցի գործունեության մասին դուր չեն եկել նրանց, ինչի պատճառով հայտնվել ենք նրանց սեը ցուցակում։ Փաստորեն, «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ից այնքան են մեզանից վրդովվել ու սրտնեղել, որ անգամ չեն բարեհաճել տեղեկացնել, որ լրատվամիջոցների այց է կազմակերպվում Երասխ»։