16/06/2023 16:58
Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպմանը շուտափույթ ապաքինում է մաղթել Երասխում վիրավորված երկու հնդիկներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
Վարչապետը ողջունել է տիկին դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նրա ակտիվ գործունեության արդյունքում հայ-հնդկական հարաբերությունները տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հնդկաստանի հետ կապերի ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի ոլորտներում: Միաժամանակ, վարչապետն անդրադարձել է Երասխում ադրբեջանական կրակի հետևանքով օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի կառուցման շինաշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացու վիրավորվելու դեպքին և շուտափույթ ապաքինում մաղթել նրանց:
Դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Երասխում վիրավորված Հնդկաստանի քաղաքացիների առողջական խնդիրներին հետամուտ լինելու և ցուցաբերված ուշադրության համար:
Զրուցակիցները քննարկել են բիզնես կապերի ընդլայնման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Կարևորվել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը և սերտ կապերի ամրապնդումը: