17/06/2023 20:34
Փաստաբանները պահանջ են ներկայացրել Ներքին գործերի նախարարությանը
Փաստաբանները պահանջ են ներկայացրել Ներքին գործերի նախարարությանը, որին արդեն միացել է 538 փաստաբան (կան տվյալներ, որոնք դեռ չեն ներառվել): Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ ներկայացնելով պահանջը.
«Պ Ա Հ Ա Ն Ջ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, գիտակցելով մեր մասնագիտական առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում,
հարգելով ոստիկանության ինստիտուտը, գնահատելով արժանապատիվ ոստիկանի դերը,
ելնելով բռնությունը ոստիկանության համակարգից արմատախիլ անելու նպատակից,
1. Խստորեն դատապարտում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը.
2. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները.
3. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները:
Ծանոթություն:
Սույն պահանջը բաց է փաստաբանների միանալու համար:
2023թ. հունիսի 20-ին ժամը 11:00-ին փաստաբաններով հավաքվում ենք Ներքին գործերի նախարարության վարչական շենքի մոտ (ք.Երևան, Նալբանդյան 130) սույն պահանջը ներկայացնելու և հետագա բողոքի ակցիաների մասին իրազեկելու նպատակով»։
Պահանջին միացած փաստաբանների ցանկն՝ այստեղ։