17/06/2023 15:14
Հնարավո՞ր է այսօր հայրենադարձություն, ինչպես որ պատահեց 20-րդ դարում. տեղի է ունեցել «Լոսից եկող կա՞» գրքի շնորհանդեսը (Տեսանյութ)
Երևանում այսօր տեղի ունեցավ սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյանների «Լոսից եկող կա՞» գրքի շնորհանդեսը: Հեղինակ, հետազոտող, պ․գ․դ Միհրան Գալստյանը նշեց, որ գիրքը հայրենադարձության մասին է. «Մենք փորձել ենք սոցիոլոգիական հետազոտության միջոցով, որն իրականացրել ենք Լոս Անջելեսում և Հայաստանում, այնուհետև փորձագետների հետ հարցազրույցների միջոցով հասկանալ՝ այսօր հնարավո՞ր է հայրենադարձություն, ինչպես որ պատահեց 20-րդ դարում»։
Նրա խոսքով՝ այդ կերպ փորձել են հասկանալ, թե ինչ ձգող և վանող պայմաններ կան, որոնք հնարավորություն են տալիս այսօր խոսելու հայրենադարձության մասին. «Ընդհանրապես հայկական իրականության մեջ մեծ սպասումներ կան հայրենադարձությունից: Մենք փորձում ենք հայրենադարձության միջոցով լուծել և սպասելիքներն էլ այդպիսին են՝ տնտեսական, ՀՀ-ի առջև ծառացած սոցիալական և անվտանգային խնդիրներ: Սակայն, մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այսօր սփյուռքը բավականին տարասեռ է, այնտեղ ապրում են տարբեր սերունդների սոցիալ-ժողովրդագրական խմբեր։ Սփյուռքի հայերը տարբեր ժամանակներում են գաղթել, նրանց համար վիճարկելի է հայրենիք գաղափարը, հայաստանյան փորձառություն չկա: Եվ այդ հարցումները ցույց են տալիս, որ այն հայրենադարձությունը, որը տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին, դժվար թե հիմա կրկնվի»:
Սոցիոլոգիտական հետազոտությունը ներառում է լոսանջելեսահայերի, տարբեր երկրներից Հայաստան ներգաղթածների շրջանում զրույցներ ու հարցումներ, օրենսդրական շերտ։
Աշխատությունը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական դրամաշնորհով։