17/06/2023 15:50
Ֆրանսիայում ձերբակալվել է Մակրոնի դեմ մահափորձ կատարած երիտասարդը
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հանրապետության մի բնակչի՝ այս տարվա ապրիլին Դուի դեպարտամենտ կատարած այցի ժամանակ նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ին։
Միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 27-ին՝ Հաիթիի հեղափոխության առաջնորդ Տուսեն Լուվերտյուրի հիշատակին նվիրված արարողությունից հետո։ Շատո դե Ժու ամրոցի մոտ, ուր գնացել էր պետության ղեկավարը, հավաքվել էին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք փորձել են ճեղքել ոստիկանական շղթան։
Բախումների ժամանակ ժանդարմներն արցունքաբեր գազ են կիրառել։ Երբ Մակրոնը պատրաստվում էր այնտեղից մեկնել ուղղաթիռով, ցուցարարներից մեկը գազային պետարդ է արձակել նրա ուղղությամբ։
Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալը 20-ամյա ատաղձագործ է, ձախերի շարժման ակտիվիստ, որն այս շաբաթ կալանավորվել է իր տանը: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը երիտասարդի նկատմամբ հետաքննություն է սկսել ուղղաթիռը ոչնչացնելու փորձի, ինչպես նաև դրանում գտնվող իրավապահների ու նախագահի դեմ մահափորձ կատարելու առնչությամբ։
Ձերբակալվածը չի հերքել իր արարքը՝ ասելով, որ այդ կերպ ցանկանում է «մարտահրավեր նետել» Մակրոնին ու հասկացնել, որ հանրապետության բնակիչները համաձայն չեն նրա քաղաքականության հետ։