18/06/2023 11:21
Արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ գիտաժողով` նվիրված Քրիստափոր Կարա-Մուրզային
Հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «Քրիստափսր Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությունը» գիտական կոնֆերանսը։ Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:
Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը` համագործակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի եւ Հայաստանի Կոմպոզիտորների միության։
Ինչպես բացման խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, գիտաժողովի գաղափարն առաջարկել է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, որպեսզի Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնին զուգահեռ գիտական զեկույցներով ևս բարձրաձայնվի երախտավորի կյանքն ու գործունեությունը։
Գիտաժողովին ներկա էին ՀՀ Ազգային հերոս մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Մհեր Նավոյանը, երաժշտագետներ, գիտնականներ, երաժշտասերներ։
Ողջունելով ներկաներին` Սրբազան հայրն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր Կարա-Մուրզայի հիշատակը մեծարելու համար նախաձեռնել ու իրականություն են դարձրել փառատոնն ու գիտաժողովը։
Անդրադառնալով Քրիստափոր Կարա-Մուրզայի արժանի վաստակին՝ Նավասարդ Սրբազանը կարևորեց դրա կրողն ու տարածողը լինելու առաքելությունը։