18/06/2023 19:14
Լատվիան շատ հավասարակշռված հավաքական է, շատ ծանր խաղ կլինի. Հայաստանի մարզիչ
Լատվիան շատ հավասարակշռված, կարգապահ հավաքական է, վաղուց այդպիսի Լատվիա չեմ տեսել, մարզչի լավ աշխատանքն է։ Այս մասին Լատվիայի հավաքականի դեմ վաղվա խաղից առաջ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ Պետրակովի՝ ավելի լավ բան չկա, որ երկրպագուներով լեփ-լեցուն են լինում մարզադաշտերը․ «Շատ հաճելի է, որ մարդիկ երկրպագում են։ Ես իմ կողմից կարող եմ միայն շնորհակալություն հայտնել, որ մարդիկ գալիս են։ Մենք կձգտենք չտխրեցնել իրենց վաղը։ Մենք բոոլր ուժերը կդնենք խաղադաշտում, դա 100 տոկոսով։ Վաղվա խաղում էլ մենք կզգանք այդ աջակցությունը, իսկ հետո կասեք՝ հուսախա՞բ ենք արել ձեզ»։
Ինչ վերաբերում է վաղվա խաղին պատրաստությանը, ապա մարզիչն ասաց․ «Նախկին խաղերից ես գիտեմ, ինձ ասել են, որ հայ ֆուտբոլիստները կարող են խաղալ միայն մեկ խաղ, հաջորդ խաղին չեն կարողանում պատրաստվել, խաղալ։ Ես չեմ կարող մեծ ռոտացիա անել այս պահին»։
Նա նշեց, որ խաղացողներն իրեն շատ ուշադիր են լսում։ «Տղաները շատ ուշադիր լսում են, շատ հաճելի է, որ նրանք լսում են մարզիչին։ Վաղը կտեսնենք, թե խոսքերն ինչպես են իրենց հասել»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը։