19/06/2023 21:48
2023-ի ամռան գույները, հայտնի թրենդներն ու ոչ միայն. ոճաբանի խորհուրդները
Նորաձևությանը հետևելն ու յուրաքանչյուր դետալին կարևություն տալը դարձել է շատերիս առօրյայի մի մասը։ Այստեղ կարևոր է կատարել թրենդների գրագետ ընտրություն՝ զոհ չդառնալով ակտուալության սխալ պատկերացումներին։
Aysor.am-ը զրուցել է դիզայներ և ոճաբան Տաթևիկ Հարությունյանի հետ՝ պարզելու ամռան գույներն ու այլ հետաքրքիր մանրամասներ՝ նորաձևության աշխարհից։
«Այս տարվա երկու գլխավոր գույներն են կարմիրն ու սևը: Pantone գույների գործակալությունը որպես այս տարվա գլխավոր գույն է հայտարարել կարմիրի “Viva Magenta” երանգը: Ակտուալ է նաև տոտալ սևը: Սա կապված է գոթական ենթամշակույթի հետ, որի ակտիվացմանը նպաստեց “Wednesday” սերիալը: Դեռ ակտուալ է մնում վարդագույնն իր մի շարք երանգներով», - ասաց մասնագետը:
Բացի նշվածից, Տաթևիկն ընդգծեց, որ ամռանը նորաձև են նաև այլ վառ գույներ` ֆուքսիա, նարնջագույն, դեղին, կանաչ և այլն: Ակտուալ է կապույտը, հատկապես իր բաց երանգներով:
«Ովքեր խուսափում են վառ գույներից, կարող են ամռանը ընտրել բեժի երանգները: Կարելի է կրել մոնոխրոմ (միագույն) տարբերակով կամ սևի հետ համադրած: Այս պահին շատ ակտուալ է նաև սևի և սպիտակի համադրությունը»,-խորհուրդ տվեց նա:
Խոսելով տարվա այս շրջանում ակտուալ և թրենդ համարվող իրերի մասին, զրուցակիցս առանձնացրեց դրանցից ամենատարածվածները.
«Այս սեզոնի գլխավոր թրենդերից են մաքսի կիսաշրջազգեստները, հատկապես դենիմից, «բալոն» կոչվող կիսաշրջազգեստները, կարգո տաբատները: Շատ ակտուալ են դասական ժիլետները:
Աքսեսուարներից շատ նորաձև են ծղոտից և կտորից պայուսակները, մաքրամե պայուսակները, ոսկեգույն խոշոր ականջօղերը` ծաղկային մոտիվներով, ինչպես նաև ավանգարդ և մինիմալիստական ոճերի համադրությունները:
Կոշիկներից նորաձև են կոպիտ սանդալները, այսպես կոչված «բալետի կոշիկները», ռետրո ոճի սպորտային կոշիկները:
Նորաձև են ինչպես մետալիկ արծաթագույն և ոսկեգույն հագուստները, այնպես էլ՝ կոշիկներն ու պայուսակները»:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։