19/06/2023 12:51
«Սպառնալիքներ է հնչեցրել». Դավիթ Հարությունյանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն կներկայացնի
Դատավոր Դավիթ Հարությունյանն ավելի ուշ կասի, թե ինչ է խոսել կամ արել, որ զայրացրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին։
«Այդ մասին՝ ավելի ուշ», - լրագրողների հետ զրույցում ասաց դատավորը։
Նա ասաց, թե իր համար պարզ չէ, թե ԲԴԽ-ն ինչ հիմքով է որոշել կարգապահական պատասխանատվության ենթարկել իրեն։
«Խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդություն է քննարկվում, ըստ իրենց, ես վիրավորել եմ, թե ինչ եմ արել, ինձ մեղադրանքն էլ պարզ չէ, թե, իրականում, իրենք ինչ են գրել։ Իմ բոլոր հորդորները, որ պարզաբանեն ընթացակարգերը, իմ իրավունքները մնացել են օդում, որևէ պարզաբանում չկա», - ասաց դատավոր Հարությունյանը։
Նա նշեց, որ թե՛ իր, թե՛ իր փաստաբանի համար անհասկանալի են, թե ինչ է տեղի ունենում ԲԴԽ նիստում. միջնորդել են հետաձգել նիստը։
«Պատրաստվում եմ հանցագործության մասին հաղորդում կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացնել Կարեն Անդրեասյանի վերաբերյալ՝ դատական նիստում արտահայտած մտքերի, սպառնալիքների հետ կապված։ Կարգադրիչներին հրահանգեց իմ գույքը դուրս բերել, ասացի՝ իրավունք չունի, ասաց՝ ուժի կիրառմամբ դա կանի», - հայտարարեց Դավիթ Հարությունյանը։
Դատական նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10։00-ին։
Նշենք, որ ԲԴԽ-ն որոշել էր դռնփակ ռեժիմով քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ԱՆ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է հարցազրույցի համար։
Խոսքը գնում է, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։
Դավիթ Հարությունյանն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը։