19/06/2023 14:35
ԲԴԽ-ն 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործով մեկ դատավորի միջնորդությունը մասնակի բավարարեց, սակայն նիստը չհետաձգեց
ԲԴԽ-ում մեկնարկել է Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննությունը։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ասաց, որ Արտակ Բարսեղյանը, որը գտնվում է ստացիոնար բուժման պայմաններում, միջնորդել է մեկ շաբաթով հետաձգել միջնորդության քննությունը։
ԲԴԽ-ն, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մասնակի բավարարել դատավորի միջնորդությունը։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ին։ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե դատավոր Բարսեղյանին հնարավորություն կտրվի ներկայացուցչի միջոցով լիարժեք պաշտպանության։
Այսօր, սակայն, նիստը կշարունակվի, կքննարկվի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը և ևս մի քանի միջնորդություն։
ԲԴԽ չէր ներկայացել Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը, քանի որ նրա լիազորությունները սեփական դիմումի համաձայն դադարեցվել են՝ մինչև ԲԴԽ-ում նրա վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը։
Նշենք, որ վարույթի հիմքում ՄԻԵԴ վճիռներից մեկն է, այս անգամ՝ 2019 թվականի հունվարի 24-ի վճիռը: