19/06/2023 11:19
«Երևի դիմեմ փաստաբանների օգնությանը». դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե ԲԴԽ-ում ուժ կիրառելու հրահանգներ են տալիս (Տեսանյութ)
Դատավոր Դավիթ Հարությունյանը չի հասկանում, թե ինչ է կատարվում իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործով նիստին։
«Երևի դիմեմ փաստաբանների օգնությանը, որովհետև չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Առանց որևէ պարզաբանման՝ ինչ ուզում, անում են», - լրագրողների հետ զրույցում ասաց դատավորը։
Նա հայտարարեց, թե ներսում բռնի ուժ կիրառելու հրահանգներ են տալիս։
«Ես միջնորդեցի, որ հնարավորություն տան՝ ընդմիջում հայտարարվի, որ հաղորդում ներկայացնեմ, դրան էլ չանդրադարձան։ Ուղղակի միանվագ Արդարադատության նախարարության միջնորդություններն են քննարկվում», - ասաց դատավոր Հարությունյանը։
Հարցին, թե ինչի՞ վերաբերյալ է ուզում հաղորդում ներկայացնել՝ դատավորը պարզաբանեց. «Ուզում եմ հասկանալ՝ ճիշտ լսեցի՞, թե՞ չէ, որ ասաց՝ ֆիզիկական ուժ կիրառեք, ասացի՝ իմ նկատմա՞մբ, ասաց՝ չէ՛, գույքի։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ հանցագործությա՞ն մասին հաղորդում ներկայացնեմ, թե՞ կարգապահական պատասխանատվության ենթարկելու», - նշեց նա։
ԲԴԽ-ն որոշել է դռնփակ ռեժիմով քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ԱՆ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է հարցազրույցի համար։
Խոսքը գնում է, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։
Դավիթ Հարությունյանն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը։