19/06/2023 19:52
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկխոսում են սուր հարցերի շուրջ․ Բլինքենը Պեկինում է
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում է, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպմանը նա ներկայացրել է ԱՄՆ-ի դիրքորոշումները՝ Չինաստանի հետ հարաբերություններում կարևորագույն մի քանի հարցերի շուրջ։
Վաշինգտոնը չի աջակցում Թայվանի անկախությանը, մասնավորապես, ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ Չինաստանի ղեկավարին։
«Վաշինգտոնը չի աջակցում Թայվանի անկախությանը, մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ»,- ասել է նա։
Էնթոնի Բլինքենը Սի Ծինփինի հետ հանդիպմանը հավաստիացրել է նաև, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում սառը պատերազմ մղել Չինաստանի հետ, ինչպես նաև չունի ցանկություն՝ «փոխելու Չինաստանի համակարգը»։
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն իր հերթին հույս է հայտնել, որ երկու երկրները կկարողանան հաղթահարել իրենց հարաբերություններում առկա բարդությունները, ինչի համար անհրաժեշտ է, որ «ԱՄՆ-ն հարգի Չինաստանին, չվնասի նրա օրինական իրավունքներին ու շահերին»։
«Մարդկության ապագան և ճակատագիրը կախված են նրանից, թե կկարողանա՞ն արդյոք ԱՄՆ-ն և Չինաստանը գտնել համակեցության ճիշտ ուղին»,- ասել է Սի Ծինփինը։