19/06/2023 19:08
Հայաստանի հետ համագործակցությունը ներառում է տարբեր ուղղություններ․ Բրիտանական խորհրդի գլոբալ ցանցի տնօրեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին ու Բրիտանական խորհրդի գլոբալ ցանցի տնօրեն Չարլի Վալքերին: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Հաղորդագրությունում նշված է․
«Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:
Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Բրիտանական խորհրդի հետ համատեղ ծրագրերի իրականացմանը և փորձի փոխանակումներին, նշել է, որ դրանք կարող են ստեղծել նոր հնարավորություններ արդյունավետ համագործակցությունն առավել ընդլայնելու համար:
Հատկապես շեշտվել են անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրերը։
Անդրադարձ է եղել նաև կրթության և մշակույթի ոլորտների բարեփոխումների ընթացքին. կողմերը վերահաստատել են իրանց պատրաստակամությունը՝ առավել արդյունավետ համագործակցել ոլորտային ռազմավարությունների իրականացման փուլում։
Հանդիպման ընթացքում առաջարկվել է դիտարկել համագործակցության հնարավորությունները բարձրագույն կրթության ոլորտում, մասնավորապես՝ փոխայցելություններ կազմակերպել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև:
Բրիտանական խորհրդի գլոբալ ցանցի տնօրեն Չարլի Վալքերին իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար: Նա, բարձր գնահատելով կատարված աշխատանքն ու փորձի փոխանակումը, նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը ներառում է տարբեր ուղղություններ, և պատրաստակամ են շարունակելու և առավել ամրապնդելու փոխգործակցությունը:
Կողմերը կարևորել են նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակումները, որոնք կարող են ստեղծել նոր հնարավորություններ արդյունավետ համագործակցության ընդլայնման համար»: