19/06/2023 21:42
Բելառուսում պատասխանատվության կենթարկեն ոչ ավանդական սեռական հարաբերություններ քարոզողներին․ նախաձեռնությունը հավանության է արժանացել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աջակցում է ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար վարչական պատասխանատվություն սահմանելու նախաձեռնությանը, հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազությունը։
Կառույցի տեղեկագրում նշվում է, որ Բելառուսի գլխավոր դատախազության նախաձեռնության շրջանակում առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների, սեռափոխության, մանկապղծության քարոզչության համար, ինչպես նաև մշակվում են մեթոդներ՝ վերաբերող ծնողների պատասխանատվության բարձրացմանը, ինչպես նաև նախկինում դատվածություն ունեցողների նկատմամբ վերահսկողության մեծացմանը։
Տեղեկացվում է նաև, որ հաստատվել է երեխաներին սեռական բռնությունից ու շահագործումից պաշտպանելուն միտված գործողությունների ծրագիրը, Քրեական օրենսգրքում փոփոխություններ են նախապատրաստվել, որոնցով հանցագործության համար դատարանի վճռով սահմանված պատժի հետ մեկտեղ մանկապիղծների նկատմամբ կկիրառվի նաև հարկադիր բուժում, ընդհուպ մինչև քիմիական կաստրացիա։