19/06/2023 12:23
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի ճամփորդել Հայաստան եւ Վրաստան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
ԱԳ նախախարի տեղակալ Վահան Կոստանյանը նշեց, որ օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-26 թվականների ծրագրից։
«ՀՀ-ն ցանկանում է ավելի խորացնել քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները մեր հարևան Վրաստանի հետ։ Անկախությունից ի վեր՝ Վրաստանի հետ բարիադրացիական և գործընկերային հարաբերությունների զարգացումը հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքական ուղղություններից մեկը։ Մեր երկու երկրների միջև գործում է շուրջ 80 միջազգային պայմանագիր։ ՀՀ կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող մասում ընդգծվում է Վրաստանի հետ հատուկ հարաբերությունների զարգացման անհարաժեշտությունը։ ՀՀ-ի և Վրաստանի համար գործում է քաղաքացիների առանց մուտքի վիզաների ռեժիմ։ Ներկայումս անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև 1 տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում:
Համաձայնագրով սահմանվում է, որ մի կողմի պետության քաղաքացիները, անկախ նրանց մշտական բնակության վայրից, իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի, մուտք գործելու, գտնվելու տարանցիկ երթեւեկելու, դուրս գալու մյուս Կողմի պետության տարածքում՝ ընդունող պետության սահմանն անցնելու ամսաթվին հաջորդող ցանկացած հարյուր ութսուն օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով՝ համաձայնագրի 1-ին եւ 2-րդ հավելվածներում թվարկված՝ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների ինքնությունը եւ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի (քաղաքացու անձնագիր, ծառայողական անձնագիր, դիվանագիտական անձնագիր, կենսաչափական տվյալներ պարունակող նույնականացման քարտ (միայն երկու կողմերի տարածքների միջեւ ճամփորդելիս եւ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում)) հիման վրա», - ասաց նա։
Հարակից զեկուցող Սարգիս Խանդանյանը նշեց, որ այս համաձայնագրի վավերացումը բխում է կառավարության ծրագրից. «Շատ կարևոր է այն մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Տեղեկացնեմ, որ Վրաստանի խորհրդարանն արդեն իսկ վավերացրել է նախագիծը»։