19/06/2023 20:54
Հայրերի միջազգային օրը՝ հայր-երեխա կապի ամրապնդման ազդակ. Զրույց հոգեբան Լյուդմիլա Նանուշյանի հետ
Հունիսի 18-ին ողջ աշխարհը նշում էր հայրերի միջազգային օրը։
Հայրերի իրական դերի, երեխաների հետ ունեցած կապի, ու այդ կապի շնորհիվ ձևավորվող հարաբերությունների մասին, Aysor.am-ը զրուցել է հոգեբան Լյուդմիլա Նանուշյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ ազդեցություն ունի հայրը՝ երեխայի հոգեֆիզիոլոգիական զարգացման գործընթացում։
«Երեխայի հոգեֆիզիոլոգիական զարգացման բարեհաջող ընթացքի գործում հայրական ֆունկցիան ունի իր կարևորագույն դերը։ Հայրական դերը կարևոր է երեխայի բազային ապահովության համար։ Հայրական գործոնի առկայության պարագայում, երեխան հորից ստանում է ապահովության զգացում, նպաստում է երեխայի մտածողության զարգացմանը, նպատակասլաց լինելուն, սոցիալական հմտություններ ձեռք բերելուն, ինքնուրույն և ակտիվ դառնալուն»,-ասաց հոգեբանը։
Մասնագետի խոսքով, հոր դերի առկայությունը, բարենպաստ ընտանիքի պարագայում, երեխաներին դարձնում է ավելի պատասխանատու, երեխաները սոցիալական շփման մեջ լինում են ավելի արդյունավետ, հեշտորեն են հաղթահարում սթրեսները և հիասթափությունները։
«Տղա երեխաների պարագայում հոր դերը առանցքային է՝ որպես «հայր», «ուսուցիչ», «օրինակ»։ Աղջիկների պարագայում հոր կերպարը օգնում է՝ ապագայում հասկանալ հակառակ սեռին, և կառուցել ճիշտ հարաբերություններ։ Հայր-երեխա հարաբերությունները սերտանում են համատեղ խաղի ժամանակ, որն իր դրական անդրադարձն է ունենում երեխայի յուրաքանչյուր տարիքային փուլում»,-ասաց Նանուշյանը։
Հայրական ֆունկցիան կարող է լինել չափազանց ակտիվ, սակայն դրանով հանդերձ երեխայի համար բացասական հետևանքներ ունենալ, եթե ավտորիտար բնույթ է կրում։
Որպես օրինակ, մասնագետն առանձնացրեց արտասահմանցի գրող նշել Ֆ. Կաֆկայի ինքնակենսագրական «Նամակ հորս» հիշողությունը, որտեղ Կաֆկան նկարագրում է իր սարսափելի վախերի և ամոթի զգացման մասին։ Այստեղ հայրը նկարագրվում է որպես որդուն արժեզրկող, ցածրացնող, պարանոյիկ դրսևորումներ ունեցող բռնակալ։ Սա հանդիսանում է վառ օրինակ, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ բռնակալ հոր ազդեցությունը՝ երեխայի հոգեֆիզիոլագիական զարգացման գործում։
Զրույցի ընթացքում անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչն է խանգարում հայ հայրերին լինել իրենց զավակների ընկերը, հոգեբանը պատասխանեց.
«Հայ հայրերի պարագայում կարող է խանգարող հանգամանք հանդիսանալ մայրիշխանական համակարգը, երբ հանգամանքների բերումով հայ կինը իր ուսերին է վերցրել հոգսերի հիմնական բաժինը և երեխայի խնամքով զբաղվելու հարցը։
Այդ օրինակի վրա սերունդներ են մեծացել և մեծանում, այսինքն, այն դարձել է մշակույթ, սակայն վերջին տարիներին նկատվում է հոր դերի ավելի ակտիվ ներգրավվածություն՝ թե՛ նորածնային խնամքի, թե՛ երեխայի զարգացման հետագա փուլերում։ Որոշակի կարծրատիպեր են կոտրվում, ընդհուպ համայնքային կյանքում»։
Լյուդմիլա Նանուշյանն ընդգծեց նաև, որ հոր բացակայությունը երեխայի կյանքում կարող է դառնալ մի շարք խնդիրների գլխավոր պատճառը։
«Այն կարող է հանգեցնել անվստահության, հասարակության մեջ նման երեխաները դժվարությամբ են ռեալիզացնում իրենց։ Նման իրավիճակում, մոր հետևողականության, գրագետ դաստիարակության դեպքում երեխան կարող է հաղթահարել ծառացած խնդիրները, որպեսզի դրանք չդառնան երեխայի կյանքի բացասական սցենար»։
Զրույցի վերջում մասնագետը ծնողներին խորհուրդ տվեց չմոռանալ, որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է, և նրան ուղեկցող պայմանները ևս անհատական են։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։