19/06/2023 11:34
ՀՀ-ն ցանկություն չունի նախահարձակ լինել Ադրբեջանի վրա, մենք ընդամենը պաշտպանվելու խնդիր ենք դրել. Վահագն Խաչատուրյան
Մենք մի քիչ դժվար ժամանակներ ենք ապրում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է նեղվենք, դժգոհենք, այլ ուղղակի պետք է հետևություններ անենք, իսկ դա նշանակում է, որ ինքներս մեր պաշտպանունակությունը պետք է բարձրացնենք, մեր անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատանքներ տանենք, Գերմանիայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Էս պայմաններում մենք ինչ-որ առումով կարողացել ենք վիճակը կայունացնել, թեկուզ և Ադրբեջանն ամեն օր տարբեր ձևերով պրովոկացիաներ է անում, թե այս ժամին այստեղ կրակեցին, այն ժամին՝ այնտեղ, որոնց համապատասխանությունն իրականությանը զրո է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որևիցե ձևով ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ իմաստ ունի նախահարձակ լինել, մենք այդպիսի խնդիր չունենք։ Մեր ռազմավարության մեջ հարևանների հետ բարիդրացիական ապրելու խնդիր է դրված, մենք ընդամենը պաշտպանվելու խնդիր ենք դրել։ Այսօրվա կառավարության հիմնական խնդիրներից մեկը հենց այդ ուղղությամբ լրջագույն աշխատանք տանելն է, դա նշանակում է ամբողջ պաշտպանության համակարգը, ռազմավարությունը փոխել, բանակում լրջագույն բարեփոխումներ անել, կարողանալ բանակը դարձնել ժամանակակից», - ասել է Վահագն Խաչատուրյանը։