19/06/2023 12:00
Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, քանի որ, կարծում ենք, որ «հայկական խաչմերուկ» ծրագիրը մեծ պոտենցիալ ունի. ԱԳ փոխնախարար
ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այս պահին քննարկումներ են տեղի ունենում հանդիպման օրվա նշանակման հետ կապված.«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս կկարողանանք այդ մասով տեղեկություն տրամադրել հանրությանը։ Իսկ այն գործողությունը, որը կատարում են Ադրբեջանն ու Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, մասնավորապես, թե՛ կրակոցները, թե՛ լարվածությունը ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, թե՛ իրավիճակի լարումը ԼՂ-ում, միանշանակ, չեն աջակցում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք իրապես հետաքրքրված են խաղաղության և կայունության հաստատմամբ»։
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման խնդրին՝ Կոստանյանը նշեց, որ ՀՀ-ի համար շատ կարևոր է ֆիքսել սկզբունքները, այն է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա.«Այս շրջանակներում ՀՀ-ն մշտապես կառուցողական և շահագրգռված է եղել իրականացնելու ապաշրջափակման գործընթացը՝ դեռևս 2021 թվականի հունվարից։ Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրասպորտային ուղիների ապաշրջափակմամբ, քանի որ կարծում ենք, որ «հայկական խաչմերուկ» ծրագիրը մեծ պոտենցիալ ունի՝ հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական զարգացումները և այն լոգիստիկ խնդիրները, որոնց այսօր աշխարհը բախվում է»։
Փոխնախարարը շեշտեց, որ հայկական կողմի համար կարևոր է, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվում նաև անվտանգության հետ կապված դետալները տեղի ունենան ՀՀ-ի ինքնիշխանության և իրավազորության սահմաններում.«Եթե մինչ այսօր մեզ չի հաջողվել ֆիքսել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, բնականաբար, ապակառուցողական կողմն Ադրբեջանն է»։